Մանկապարտեզներում աշխատանքային ժամը շուտ ավարտելու ահազանգի հետքերով

Երևանյան մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է 17։30-ին, սակայն մի շարք մանկապարտեզներում պրակտիկա է ձևավորվել, որ ծնողները 16։00-16։30-ին արդեն վերցնում են երեխաներին։

Սա գլխացավանք է հատկապես  լրիվ դրույքով աշխատող ծնողների համար, որոնց աշխատանքային օրը 18։00-ից շուտ չի ավարտվում։

Մանկապարտեզների աշխատանքային ժամերը՝ 08։30-17։30 ամրագրված են Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ։

Երկու մանկահասակ երեխայի մայր Աննա Ջավախյանը, ով ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները» խմբի ադիմինիստրատորն է, ծնողների շրջանում հարցումներ է արել, հավաքագրել այն մանկապարտեզները, որտեղ սահմանված կարգը խախտվում է։  Որոշ դեպքերում ծնողին չեն դիմում՝ երեխային շուտ վերցնելու հարցով, որոշ դեպքերում՝ անուղղակի կամ ուղղակի ակնարկներ են լինում․

«Շատ տեղերում ուղիղ խոսքով չեն ասում՝ եկեք, երեխաներին շուտ տարեք։ Ծնողը 16։15-ին գնում-տեսնում է, որ իր երեխան խմբում մենակ է: Նա էլ ամեն ինչ անում է, որ մյուս անգամ 16։00-ին գնա, որ իր երեխան մենակ չմնա, ճնշված չզգա: Ես ծնողների գիտեմ, ովքեր դայակ են վարձում, որպեսզի այդ ժամին գնա, երեխային վերցնի։ Այնինչ կա սահմանված ժամ, 17։15-17։30-ին պետք է ծնողը գնա, վերցնի։ Ինչպե՞ս է՝ առավոտյան 9։30-ին մանկապարտեզի դռները փակվում են, երեխա չեն ընդունում, իսկ ինչո՞ւ այդպես չեն հետևում գնալու ժամին»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Աննա Ջավախյանը։

Ի դեպ, նրա խոսքով, շատ ծնողներ խնդրի մասին չեն խոսում, քանի որ վախենում են․ «Երբ որոշեցի խմբում հարցում անցկացնել, շատ ծնողներ ինձ նամակներ էին գրում, թե իրենց մոտ կա այս խնդիրը, բայց նույնիսկ մանկապարտեզի համարը չէին ասում, որովհետև վախենում են՝ երեխային ճնշեն»։

Երբ ֆեյսբուքյան խմբում այս հարցը բարձրացվեց, բավականին լուրջ քննարկումներ սկսվեցին․ մի խումբ անձիք նույնիսկ բավականին ագրեսիվ էին արձագանքում մանկապարտեզների անունը «ստվերողների» մեկնաբանություններին, թեև իրենք էլ հաստատում էին, որ մանկապարտեզից երեխաներին ժամը 16-ին վերցնող ծնողներ կան։

Իրավաբան.net-ը խնդիրը իրականում փաստելու համար դիմեց Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին և խնդրեց միասին այցելել կամայական մանկապարտեզ։

Տվյալ մանկապարտեզը չթիրախավորելու նպատակով (քանի որ խնդիրը համակարգային է և միայն տվյալ մանկապարտեզին չէ բնորոշ), համարը չենք նշի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքնի մանկապարտեզներից մեկում էինք ժամը 16։30-ին։

Մանկապարտեզում 16։40-ին երեխաներն արդեն սակավաթիվ էին

«Ունենք փաստացի մի իրավիճակ, երբ 16։40-ին երեխաների 2/3-ը խմբերում չեն: Ճիշտ է ՝ ծնողներից ոչ ոք չասաց, որ հորդորել են իրենց շուտ վերցնել երեխային մանկապարտեզից, բայց համացանցում կոնկրետ այս մանկապարտեզի հետ կապված կային բողոքներ: Իհարկե, ես Երևանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին հորդորելու եմ, որպեսզի խիստ հրահանգ լինի, որ երեխաներին շուտ չտանեն մանկապարտեզից։ Եթե նման բողոքները շատ են, նշանակում է՝ դա օրինաչափություն է, դրան պետք է վերջ դրվի, լուծումներ գտնվեն»,- արձանագրելով փաստն՝ ասաց Հարությունյանը:

Տնօրենի ժամանակավոր փոխարինողի հետ շրջեցինք խմբերում: Այսպես, ժամը 16։40-17։15 ընկած ժամանակահատվածում խմբերից մեկում, որտեղ այդ օրը հաճախել էր 21 երեխա, 10-ը չկային, մյուս խմբում՝ 23-ից ներկա էին 7-ը, երրորդում՝ 24-ից՝ 6-ը:

Տնօրենի փոխարինողը նշեց, որ երեխաների մի մասը այլընտրանքային դասընթացների են՝ ռուսերենի, անգլերենի, որոնք սկսվում են 15։40-ից: Սակայն մենք փաստեցինք, որ 16։50-ին դրությամբ խումբն ավարտել էր պարապմունքը:

Վերջինս նշեց նաև, որ աշխատող ծնողներ կան՝ իրենց երեխային 17.15-ին են գալիս տանում,  կան նաև ծնողներ, որ 17.40-ին են գալիս, և իրենք սպասում են:

Այդ ժամին երեխաների բավականին քիչ լինելը տիկինը պատճառաբանեց եղանակային պայմաններով՝ անձրև է եկել, մի քիչ ցուրտ է․ «Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ոչ մի դաստիարակ, եթե նույնիսկ խմբում երեխա չի մնացել, 17.30-ից շուտ տուն չի գնում»,- ասաց նա:

Քաղաքապետարանի արձագանքը

Այս խնդրի վերաբերյալ ցանկանում էինք նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ զրուցել և միասին այցելել որևէ մանկապարտեզ՝ տեղում խնդիրը տեսնելու համար։ Մեր առաջարկին ի պատասխան, տիկին Ստեփանյանը պատասխանեց՝ սիրով։ Խնդրեց հոկտեմբերի 5-ից հետո կապվել իր հետ։

Իսկ ահա հոկտեմբերի 6-ին տիկին Ստեփանյանը մեր զանգին պատասխանեց և ասաց, թե զբաղված է, ֆորումի է, և բոլոր հարցերով դիմենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն:

Իսկ գրավոր հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան էջի նյութերի մասին հանրակրթության վարչությունը տեղեկացված է: Ինչ վերաբերում է երեխաներին մանկապարտեզից շուտ վերցնելուն, նշում են․

«Երեխաների տունդարձի առնչությամբ տեղյակ ենք պահում, որ մանկապարտեզներում ծնողների համաձայնությամբ գործում է աշխատանքային ռեժիմի ճկուն համակարգ, համաձայն որի՝ ծնողներն իրավունք ունեն երեխաներին քնից հետո մանկապարտեզից տուն տանել՝ հայեցողությամբ, որևէ պարտադրանք չի կարող լինել»:

Եվ հաշվի առնելով վախի մթնոլորտը (ինչն ակնհայտ է դառնում վերոնշյալ խմբում կատարվող գրառումներից), անհասկանալի է դառնում, թե այդ ինչպես է վերահսկվելու՝ ծնողը իր հայեցողությամբ ու ցանկությամբ է երեխային շուտ տանում մանկապարտեզից, թե որևէ մեկի հորդորով կամ ուղղակի ստիպված է շուտ վերցնել, որ իր երեխան  մենակ ու ճնշված չմնա։ Փաստորեն, քաղաքապետարանն իր այս պատասխանով իրականում փաստում է, որ այս խնդրին լուծում չունի։

Ու դեռևս չենք խոսում այն խնդրի մասին, որ շատ կազմակերպություններում, այդ թվում նաև պետական հիմնարկներում (այդ թվում Երևանի քաղաքապետարանում), աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18։00-ին։ Ու թե ինչպես պետք է ծնողը կարգավորի երեխային թեկուզ 17։30-ին մանկապարտեզից վերցնելու հարցը, մտահոգության այլ խնդիր է։

Արմինե Ալոյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել