Գերծանրաբեռնվածության պատճառով ստիպված ես լինում  երեկոները, գիշերները տրամադրել աշխատանքին. Էդուարդ Աղաջանյան

Երբ մարդն իր դժվար պահին ընտրում է քեզ՝ որպես փաստաբանի, որ իր կողքին լինես, ապա նրան պաշտանելը առաքելություն է. մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:  Օրեր առաջ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուսատմյանը հրապարկային շնորհակալություն հայտնեց նրան՝ արդյունավետ աշխատանքի համար. միայն այս տարի նրա գործունեության արդյունքում արդարացման 6 դատական ակտ է ընդունվել:

ՀՀ Փաստաբանների պալատի հետ համատեղ Իրավաբան.net-ը սկսում է «Մեր փաստաբանները» հարցազրույցների նոր շարք: Մեր առաջին զրուցակից, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը ներգրավված է եղել մի շարք աղմկահարույց գործերով («Հոկտեմբեր 27», Ավետիսյանների սպանության և այլն): Նրա հետ զրուցել ենք փաստաբանության և դատաիրավական համակարգի խնդիրների մասին:

Պարոն Աղաջանյան, շուրջ 18 տարի է զբաղվում եք փաստաբանությամբ, լիցենզիան ստացել եք 1999 թվականին: Ինչու՞ որոշեցիք փաստաբանությամբ զբաղվել: Եվ ի՞նչ խնդիրներ կային այդ ժամանակ փաստաբանության ոլորտում:

-Մինչ այդ քննչական ապարատում եմ աշխատել մոտ մեկ տարի: Ընտրեցի փաստաբանությունը, քանի որ ինձ գրավում էր փաստաբանի անկախությունը, որևէ մեկին հաշվետու չես, ինքդ ես որոշում մարտավարությունը, նաև կարողանում ես մարդկանց օգտակար լինել: Այսինքն, երբ հանցագործության մեջ կասկածվող/մեղադրվող անձն ընտրում է մեկին, ով կկարողանա իրեն պաշտպանել, ով կկարողանա դժվար պահին իր կողքին լինել, իմ կարծիքով, նրան օգտակար լինելն առաքելություն է: Որոշ դեպքերում ստացվում է, որոշ դեպքերում՝ ոչ, ցավոք սրտի:

Այդ ժամանակ չկար միասնական փաստաբանական համակարգ, փաստաբանական 3 միություն էր գործում՝ Փաստաբանների միությունը, Փաստաբանների միջազգային միությունը և Հայ փաստաբանների միջազգային միությունը: Այս միությունները գործում էին իրարից անկախ և, ըստ էության, նույն գործունեությունն էին իրականացնում: Մոտ 7-8 տարի պահանջվեց, որպեսզի, ի վերջո, փաստաբանները հասկանան, որ պետք է միավորվեն: Ստեղծվեց Փաստաբանների պալատը, որը դարձավ շատ հզոր կառույց:

1999 թվականից մինչ օրս ահռելի փոփոխություններ են եղել: Փաստաբանի խոսքը տարեց տարի ավելի լսելի է դառնում, քան դա եղել է 1999-ին կամ ավելի վաղ, իսկ Խորհրդային տարիներին փաստաբանի մասնակցությունը գործերի քննությանը, կարելի է ասել, շատ դեպքերում զուտ ձևական է եղել: Այժմ արդարացման դատավճիռներն ավելի են շատանում: Սա առաջին հերթին պայմանավորված է փաստաբանական ինստիտուտի զարգացման հետ:

-Հիմնականում իրավունքի ո՞ր ոլորտներում եք աշխատում, ի՞նչ մասնագիտացում ունեք:

-Մոտ 10 տարի է՝ աշխատում եմ Հանրային պաշտպանի գրասենյակում: Ճիշտն ասած, բոլոր տիպի գործերով էլ ներգրավվում եմ՝  և՛ տնտեսական, և՛ անձի դեմ ուղղված, և՛ սեփականության դեմ ուղղված հանցագործություններով: Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական իրավունքի ոլորտում աշխատում է բոլոր ոլորտներում: Այսինքն, տարանջատում չկա, որ այս փաստաբանը զբաղվում է տնտեսական գործերով, կամ այս փաստաբանն՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների գործերով: Միգուցե հետագայում կլինի:

-Իսկ Ձեր կարծիքով, նման տարանջատում պե՞տք է լինի:

-Ինձ թվում է, որ ապագան գնում է նրան, որ անձը մասնագիտանա կոնկրետ մի ոլորտում. չի կարող անձը բոլոր ոլորտներում մասնագիտացած լինել, պետք է կոնկրետ մեկ-երկու ոլորտ վերցնել, հմտանալ և այդ ոլորտներում որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերել: Այս դեպքում քաղաքացին էլ կիմանա, որ, օրինակ, տրանսպորտային հանցագործություններով զբաղվում են այս փաստաբանները, զինվորական հանցագործություններով՝ այն փաստաբանները, և այլն:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ փաստաբանը պետք է իր վարույթում ունենա այնքան գործ, որ չազդի իր աշխատանքի արդյունավետոթյան վրա: Խոսքն ի՞նչ քանակի մասին է:

– Իմ կարծիքով, փաստաբանն իր վարույթում պետք է ունենա 5-10 գործ: Դրանից ավել գործերն այսպես թե այնպես ազդում են մատուցվող ծառայությունների որակի վրա: Փաստաբանն ուղղակի չի հասցնում բոլոր գործերով ամբողջությամբ խորանալ գործի էության մեջ, ուսումնասիրել գործի նյութերը, միջնորդություններ նախապատրաստել, զրուցել պաշտպանյալի հետ, անհրաժեշտության դեպքում գնալ մեկուսարան, և այլն:  Երբ անձն իր վարությում ունի 40-50 գործ, բնականաբար, փաստաբանը ստիպված է լինում այդ գործի համար տրամադրել իր անձնական ժամանակը, այսինքն՝ աշխատել երեկոյան ժամերին, որոշ դեպքերում նաև գիշերային ժամերին, իսկ դա երկար շարունակվել չի կարող:

-Ձեր պրակտիկայում երբևէ եղել է, որ հրաժարվեք գործից, և եթե այո, ապա ի՞նչն է եղել պատճառը:

– Ճիշտն ասած՝ հանրային պաշտպանը չի կարող հրաժարվել գործից: Հանրային պաշտպանն, ի տարբերություն մասնավոր փաստաբանի, ով կարող է հրաժարվել գործից ցանկացած պահի, չի ընտրում իր գործերը: Եթե գրասենյակի ղեկավարի կողմից համապատասխան որոշմամբ նա ընտրվել է գործով պաշտպան, ապա պարտավոր է զբաղվել դրանով, անկախ նրանից ծանրաբեռնվա՞ծ է, թե՝ ոչ, իրեն դո՞ւր է գալիս գործը, թե՝ չէ:

– Իսկ այս պահին քանի՞ գործ կա Ձեր վարույթում:

– 37 գործ: Եղել են ժամանակներ, որ 45-50 գործ է եղել: Մենք մի անգամ որոշեցինք հաշվարկ կատարել և գործերի քանակը բաժանեցինք օրվա աշխատանքային ժամերի վրա. արդյունքում ամեն գործի վրա մենք կարող ենք ծախսել 17-18 րոպե: Դրա մեջ մտնում է նաև այն ժամանակը, որ դու գնաս, հասնես դատական նիստի: Շատ դեպքերում պաշտպանյալները բողոքում են: Կոնկրետ մեկ անգամ իմ պաշտպանյալը հրաժարվեց ինձնից այն պատճառով, որ դատական նիստին ներկայանալուց 1-2 ժամ հետո միջնորդում էի նիստը հետաձգել՝ այլ դատարանում նշանակված նիստ ունենալու համար:  Ամբաստանյալին դա դուր չեկավ, և նա դժգոհեց, թե ինչու եմ իր հաշվին ուրիշ գործ անում: Ինձ թվում է, որ մենք ունենք նաև օրենսդրական խնդիր: Ներկայումս հանրային պաշտպանի ծառայությունից կարող է օգտվել ոչ միայն ֆինանսապես անապահով անձը, այլև, կարելի է ասել, յուրանքանչյուր ոք: Ով չի ուզում վճարել մասնավոր պաշտպանի, կարող է պահանջել հանրային պաշտպան, և չկա որևէ մեխանիզմ, որ այդ մարդուն մերժես: Նույնիսկ եթե մեծահարուստներից մեկն ասի, որ իրեն հանրային պաշտպան է անհրաժեշտ, նրան պարտավոր են տրամադրել: Հատկապես, որ հանրային պաշտպանի ծառայությունների որակը որևէ կերպ չի զիջում մասնավորին, և մարդիկ պարզապես մտածում են, որ եթե նույն ծառայությունը կարելի է ստանալ անվճար, ինչու գնալ, գումար վճարել փաստաբանին:

-Ի դեպ, այս տարի Դուք 6 դատական գործով արդարացման դատական ակտ եք ունեցել: ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը շնորհակալություն հայտնեց Ձեզ՝ լավ աշխատանքի համար: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Պարզապես պետք է ուշադիր ուսումնասիրես գործի նյութերը, գտնես այն թերությունը, որին խփելով կարելի է հասնել հաջողության: Մի բան էլ ասեմ. մի քիչ էլ բախտի բան է, թե որ դատավորի մոտ կընկնի գործը:

-Երբևէ զգացե՞լ եք, որ կոնկրետ գործով հաջողության չհասաք գերծանրաբեռնվածության պատճառով:  

-Այո: Ես Ձեզ գաղտնիք բացեմ. յուրաքանչյուր գործով, եթե հանրային պաշտպանը հաջողության է հասնում, ապա 3-4 գործ ձախողում է, որովհետև այդ գործով ինքը զբաղվում է մնացած գործերի հաշվին, որովհետև այդ գործին ավելի շատ ժամանակ է տրամադրում, քան մնացած գործերին:

-Պարոն Աղաջանյան, խոսենք դատական համակարգի խնդիրներից. ըստ Ձեզ, այսօր դատական համակարգն անկա՞խ է:

-Չեմ կարող ասել, որ լիակատար անկախ է, բայց ավելի անկախ է, քան եղել է 10-15 տարի առաջ: Սա երևում է դատարանների ընդունած ակտերից:  

Իմ կարծիքով, Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում դատարանները եղել են ոչ անկախ: Հնարավոր չէ մի քանի տարվա ընթացքում փոխել այս մտածելակերպը, և այն դատավորը, որը երկար տարիներ եղել է կախված վիճակում, հանկարծ մի օրվա ընթացքում կերպարանափոխվի և դառնա անկախ: Սերնդափոխություն պետք է կատարվի նաև դատավորների շրջանում: Պրակտիկան ցույց է տալիս, որ երիտասարդ դատավորները, որոնք մի քանի տարի առաջ են մտել դատական համակարգ, ավելի անկախ են, ավելի համարձակ, ավելի ռիսկային որոշումներ են կայացնում, քան այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են դատական համակարգում:

– Ձեր երկարամյա աշխատանքային պրակտիկայի մեջ ի՞նչ հետաքրքիր, արտառոց դեպք կհիշեք, որը տպավորվել է Ձեր մեջ:

– Տպավորիչ գործերից կհիշեմ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, որին ես մասնակցել եմ որպես տուժողի՝ Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ: Դա 2000 թվականին էր: Ինչո՞վ է հատկանշական. Քրեական դատավարության օրենսգիրքը նոր էր փոփոխվել, շատերը չէին հասցրել ծանոթանալ, և մենք զուգահեռաբար դատավարության ընթացքում սկսեցինք ծանոթանալ նոր օրենսգրքին: Եվ բավականին թերություններ էին նկատվում. օրինակ, հենց այդ պրոցեսի ընթացքում պարզվեց, որ օրենսգրքում չկա նորմ՝ տուժողի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք բերելու վերաբերյալ: Եվ մտածեցինք մի քիչ ֆանտաստիկ տարբերակի մասին. եթե դատարանը հանկարծ Նաիրի Հունանյանի վերաբերյալ արդարացման դատական ակտ ընդունի, դատախազն ինչ-ինչ պատճառներով չբողոքարկի դատավճիռը, ապա տուժող կողմը զրկված է լինում բողոք բերելու հնարավորությունից, և այդ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ: Քանի որ այս գործով բոլոր տուժողները պատգամավորներ էին, հնարավոր եղավ 1-2 ամսվա ընթացքում փոփոխություն կատարել օրենսգրքում՝ հենց տուժող պատգամավորների նախաձեռնությամբ: Արդյունքում տուժող կողմը հնարավորություն ունեցավ վիճարկելու կայացված դատավճիռը:  

– Իսկ ներկայումս ի՞նչ բացեր ունենք Քրեական դատավարության օրենսգրքում:

-Բացերից մեկը վերաբերում է հենց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների դատավարությանը պարտադիր մասնակցության հետ. երբ ամբաստանյալի համար նշանակվում է հանրային պաշտպան, և ինչ-ինչ պատճառներով ամբաստանյալը չի ցանկանում, որ հանրային պաշտպանն իրականացի իր շահերի պաշտպանությունը, բայց դատարանն այդ հրաժարումը չի ընդունում: Շատ դժվար է պաշտպանել մի մարդու, որը չի ցանկանում, որ դու իրեն պաշտպանես:

-Կհիշե՞ք, թե որն է եղել Ձեր առաջին դատական գործը:

– Այո, հիշում եմ: Առաջինը քաղաքացիական գործ է եղել: Ինձ թվում է, ամեն փաստաբան իր առաջին գործը պետք է հիշի: Ի դեպ, պետք է նշեմ, որ ունեցել եմ լավ ուսուցիչ՝ հանձին Տիգրան Ջանոյանի. այն, ինչ ես գիտեմ, պարտական եմ նրան: Նա ասում էր՝ առաջին գործը պետք է հաղթես, որ որգևորվես, և իր հետ 3-4 ամիս աշխատելուց հետո ընտրեց և տվեց հեշտ գործ, որը ես հաղթեցի:

-Պարոն Աղաջանյան, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Սիրում եմ զբաղվել սպորտով: Սիրում եմ լողը: Դպրոցական տարիներից զբաղվել եմ, բայց հիմա ժամանակի սղության պատճառով հաճախակի չեմ գնում լողավազան: Մեկ-մեկ տղայիս հետ գնում եմ:

Հարցազրույցը՝ Արմինե Ալոյանի
Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի
Մտահղացումը՝ Կարեն Զադոյանի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել