Իրավաբան
Հռիփսիմե Բազիկյան
Մայիս 2007թ.
Կենդանական աշխարհի ոչ մի տեսակ ձևավորման այնպիսի տևական ուղի չի անցնում, ինչպիսին մարդը: Ողջ կյանքում մարդն ընթանում է սխալների հաղթահարման, փորձի հաստատման, ինքնակրթության, ինքնադաստիարակման ու ինքնակատարելագործման ուղիով: Մարդը կենսաբանական նախադրյալների, հասարակական միջավայրի ու ընտանեկան դաստիարակության արդյունք է: Մարդը գտնվում է մարդկային զարգացման կենտրոնում և ամեն ինչ ուղղված է նրա կատարելագործմանն ու հնարավորությունների ներուժի զարգացմանը, որոնք տեղի են ունենում տարբեր տեսակի գործունեությունների իրականացման միջոցով՝ դրանով իսկ ներդրում ու օգուտ բերելով հասարակության և պետության զարգացման գործին:
Անձի ձևավորման ու զարգացման գործընթացը սկսվում է խաղային ձևերի ընդօրինակմամբ, ապա անցնում է ուսումնառությանը, այնուհետև աշխատանքային գործունեության: Համակարգված ուսուցումը պլանային ներգործություն է ունենում մարդու իմացական կարողությունների, հոգեկան հատկությունների ու ընդհանուր զարգացման վրա: Ուսումնառության տարիներին մարդը հաղորդակցվում է գիտությանը, զարգացնում իր գրավոր և բանավոր խոսքը, տրամաբանական մտածողությունը: Ուսուցումն իրականացնում է նաև զարգացման ու դաստիարակման խնդիրներ: Այստեղ է, որ ներդաշնակվում է մարդու մտավոր, ֆիզիկական ու հոգևոր կարողությունների փոխկապակցված զարգացումը: Մարդկային զարգացումն իր մեջ ներառում է պատշաճ կենսամակարդակ, կրթություն և առողջապահություն: Կրթությունը ընդլայնում է մարդու հնարավորությունները գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռք բերման ոլորտում, ձևավորում է մարդկային զարգացման կարևոր բաղկացուցիչներից մեկը՝ մարդկային կապիտալը, ստեղծում է կյանքի որակ և ծառայում որպես տնտեսական աճի աղբյուր: Եվ պատահական չէ, որ զարգացած կամ զարգացող երկրները առավել մեծ ուշադրություն և միջոցներ են հատկացնում կրթության կարգավորման խնդրին:
Կրթությունը մարդու անձի ձևավորման ու զարգացման, իմացական գործունեության եղանակների տիրապետման, գիտելիքների հաղորդման, կարողությունների ու հմտությունների մշակման, անցյալի փորձի յուրացման գործընթաց է: Մարդկային ներուժի զարգացման կարևորագույն խնդիրը կրթության մակարդակն է, որը բնութագրվում է չափահասների գրագիտությամբ՝ ձեռք բերված տարրական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուստի ողջունելի է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ին կայացած նիստում ընդունվեց □Մեծահասակների կրթության հայեցակարգի և ռազմավարության մասին□ N 53 որոշումը: Կրթության որակն ազդում է առողջական վիճակի, քաղաքական ակտիվության, ինֆորմացիայի տարածման արագության և այլնի վրա:
ՀՀ-ում կրթության իրավական հիմքը դրվեց 1918-1920թթ.-ին: ԽՍՀՄ ժամանակաշրջանում կրթական մակարդակը բարձրացավ: Կառուցվեցին բազմաթիվ միջնակարգ դպրոցներ, որոնց շնորհիվ անգրագիտությունը նվազեց 80%-ով: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, չգիտես ինչու, այսօրվա հասարակությունը միահամուռ կերպով փորձ է անում վերացնելու այն ամենը, ինչի հասել էր Միությունը: Փորձում է իր պատմության էջերից ջնջել փորձի միջոցով մնայուն արժեքներ հաստատած ժամանակահատվածը: Պետք է ընդունել այն հանգամանքը, որ հենց ԽՍՀՄ-ի միջոցով մենք ունեցանք կայուն կրթական համակարգ, մարդկանց մեջ բարձրացավ ներքին մշակույթը, միասնականության գաղափարը, բարձր էր սեփական անձի, ինչպես նաև հասարակության առջև պատասխանատվության զգացումը, որից, ավաղ, մերօրյա հասարակությունը շատ հեռու է՝ քողարկելով այն □իմ իրավունքն է□ և □իմ պարտականությունը չէ□ կոնտեքստի ներքո: Սա ևս ունի իր բացատրությունը. գտնվելով մտավոր □շրջափակման□ մեջ՝ չէր կարելի կարծել, որ կարելի է նաև իրավունքներ ունենալ, և անկախացումից հետո տեղեկատության մեծ ներհոսքը չհասցվեց ճիշտ ընկալվել հասարակության լայն զանգվածների կողմից, որն էլ առկա խժդժուկների հիմք հանդիսացավ: Մեծ թափ առավ նախադպրոցական հաստատությունների փակման և մասնավորեցման գործընթացը, կտրուկ նվազեց փոխհամագործակցությունը ուսուցչական կազմի հետ և, որ ամենակարևորն է, ուսուցչի վարկանիշը կտրուկ ընկավ:
Այդ ամենին զուգահեռ պետք է նշել մի կարևոր խնդիր՝ այն, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում մտածելու կարիք չկար: Ավելի հստակ՝ բարձրաձայն արտահայտվելու, մտքերի փոխանակման իրավունք մարդիկ չունեին: Ամեն ինչ նախապես պլանավորված էր, անգամ չէր կարելի կարծիք հայտնել որևէ հարցի շուրջ, որովհետև այդ ամենը բոլորի փոխարեն պետությունն արդեն արել էր, և որևէ մեկին իրավունք չէր վերապահվում կարծիք հայտնելու միջոցով կասկածի տակ դնել պետության կողմից սահմանվածի ճշմարտացիությունը: Սակայն, քանի որ ամեն իրական արժեք ձևավորվում է մտքերի փոխանակման, բանավիճման արդյունքում, ապա դրա արգելումը, պետք է համաձայնել, ռեգրեսիա է:
Մարդու զարգացումն անընդհատ գործընթաց է: Այստեղ դադար գոյություն չունի: Դադարը զարգացման վախճանն է:
1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում իր ուրույն տեղն ու դերն ունի կրթության իրավունքը, որը բնական կենսագործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մասնագիտական կարողություններ ստանալու իրավունքն է: Հռչակագրի 26 հոդվածի համաձայն՝ կրթության իրավունքն ապահովելու համար պետությունը պարտավոր է ապահովել հետևյալ պայմանները.
1. պարտադիր կրթությունն անվճար է,
2. մասնագիտական բարձրագույն կրթությունը մատչելի,
3. մատչելի են դասագրքերը,
4. կան անհրաժեշտ տեղեկություններ,
5. ուսումնական հաստատությունները ստեղծում են կրթութան բարենպաստ պայմաններ:
Ճիշտ է, 15 տարվա անկախություն ունեցող Հայաստանի համար չի կարելի ասել, որ ապահովված են բոլոր այս նախադրյալները, սակայն չի կարելի ասել նաև, որ ոչինչ չի արվում դրան հասնելու համար:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 51 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ □Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն uտանալը□: Այսինքն՝ պետությունը գիտակցում է կրթության առաջնայնությունը և կրթության միջոցով ամուր հիմքերի ստեղծման հնարավորությունը:
Կրթությունը յուրաքանչյուր ազգի ազգային դեմքը պահպանելու եթե ոչ հիմնարար, ապա կարևորագույն նախադրյալներից մեկն է: Օգտվենք ՀՀ հիմնական օրենքում՝ Սահմանադրությունում ամրագրված □յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք□ դրույթից, և մեր` յուրաքանչուրիս, թեև փոքր, բայց արդյունքում իրենից մեծ արժեք ներկայացնող ներդրումով նպաստենք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանը:
Ինչպես ասել է Վ. Հյուգոն` □Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով, միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը□: