ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան
Արփինե Եղիկյան
25.12-27.12.2007թ., «Իրավունք» օրաթաթերթ

Պետությունը, որպես սոցիալական երևույթ, որպես հասարակության զարգացման արդյունք, ստեղծվել է պաշտպանելու մարդու իրավունքները: Ժամանակակից ժողովրդավարական ու իրավական պետության կարևորագույն բնութագրիչ չափանիշ է հանդիսանում այդ պետությունում իրավունքի գերակայությունը, դրանից բխող՝ մարդու իրավունքների պաշտպանության գործուն միջոցների առկայությունը և պաշտպանվածության աստիճանը:
Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի իրավական պետության առջև դրված մշտական նպատակ-խնդիր: Իրավունքների հաջող իրականացման երաշխիքներից մեկը գործուն և արդյունավետ պաշտպանության համակարգի գոյությունն է: Այդ համակարգում առաջատար դերը պատկանում է դատական պաշտպանության մեխանիզմին, քանի որ դատական իշխանության ձևավորումը, ինչպես նաև գործերի դատական քննության կարգը, որպես կանոն, ապահովում են վեճերի առավել օբյեկտիվ և արդար լուծումը, խախտված իրավունքների վերականգնումը:
Մարդու իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը դարեր ի վեր համարվել և այսօր էլ բոլոր քաղաքակիրթ, իրավական, ժողովրդավարական երկրներում համարվում է դատական պաշտպանությունը: Այս հանգամանքը պայմանավորված է դատարանի՝ պետական մարմինների կառուցակարգում և ընդհանրապես հասարակությունում ունեցած տեղով և դերով, դատական իշխանության իրականացման սկզբունքներով: Եվ հենց դատարանների ինքնուրույնությունն ու անկախությունն էլ հանդիսանում են այն հիմքը, որով դատարանները կարողանում են երաշխավորել մարդու իրավունքների հուսալի պաշտպանություն:
Սակայն իրենց առջև դրված մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը դատարանները կարող են իրականացնել, անձն էլ իր իրավունքները կարող է պաշտպանել միայն դատարանների իրական անկախության ու «բարենպաստ» դատավարական օրենսդրության առկայության պայմաններում:
ՀՀ քաղաքացիներն այլևս անիմաստ համարելով արտադատական միջոցներով իրենց իրավունքների պաշտպանության դիմելը` իրենց իրավունքների պաշտպանության դեռևս ապրող հույսը փորձում էին արդարացնել արդարադատության միջոցով: Դատարանները, կրելով արդարադատության իրականացման առաքելությունը, կրում են նաև մարդու իրավունքների պաշտպանության «բեռը»:
Նորաստեղծ ժողովրդավարական երկրի նորաստեղծ դատական համակարգը պետք է կայանա՝ կատարելագործելով այդ ոլորտը կարգավորող օրենսդրությունը, համապատասխանեցնելով այն միջազգային հանրության կողմից վաղուց ընդունված չափանիշներին, որոնք առավելագույնս հնարավորություն են տալիս պաշտպանել մարդուն ու նրա իրավունքները՝ որպես բարձրագույն արժեքների:
Հայաստանի դատաիրավական ոլորտում արդեն մեկ տասնամյակ ընթացող բարեփոխումները, որքան էլ դրանք հաճախակի են, փոխարենը նպաստելու մեր երկրում դատաիրավական համակարգի ու արդարադատության կայացմանը, ստեղծում են նորանոր դժվարություններ իրավունքների պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիների ու նրանց շահերի պաշտպանությունն ստանձնած ներկայացուցիչների համար:
Գործող եռաստիճան դատական համակարգը, որն անձին երկրորդ հնարավորություն էր տալիս իր խախտված իրավունքների պաշտպանության՝ վերաքննության կարգով գործը ըստ էության կրկնակի քննելու միջոցով, և ևս մեկ հնարավորություն՝ գործին մաuնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտման դեպքում, համարվեց անարդյունավետ, քանի որ, որպես կանոն, վերաքննության կարգով ըստ էության քննվում էին գրեթե բոլոր գործերը: Պատճառը առաջին ատյանի դատարանի նկատմամբ ձևավորված անվստահությունն է և երեք դատավորի կազմով գործի եռակի արդարացի քննության հույսը: Ինչպես ամեն ինչ, այնպես էլ առաջին ատյանի դատարանների նկատմամբ ձևավորված անվստահությունը ևս ունի իր պատճառը, այն է որոշ դատավորների անտարբեր մոտեցումը գործի քննությանը՝ սկսած կոնկրետ ժամի նշանակված դատական նիստին 40-50 րոպե տևողությամբ սպասումներից: Այդ իսկ պատճառով հասարակությունում ձևավորվել էր կարծիք առաջին ատյանի դատարանի գոյության ոչ անհրաժեշտության («անպիտանության») մասին:
Դատական համակարգում «ոչ պիտանի» օղակը վերացնելու նպատակով էական փոփոխություններ կատարվեցին ՀՀ դատական համակարգում:
Նախ՝ փոխվեցին ՀՀ Վճռաբեկ դատարանի լիազորությունները՝ գործը բողոքի շրջանակներում քննող դատարանից վերափոխելով այն նախադեպ ստեղծող դատարանի:
Այնուհետև, 2007թ.-ի ՀՀ Դատական օրենսգրքով փոխվեց նաև ՀՀ Վերաքննիչ դատարանի դերը. այն գործը ըստ էության կրկնակի քննող դատարանից վերածվեց նախկին Վճռաբեկ դատարանի գործառույթներն իրականացնող դատարանի:
Օրենսդրական լուրջ նորամուծություններ նախատեսում են ՀՀ քաղաքացիական ու քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունները և նոր ՀՀ վարչական օրենսգիրքը, որոնք ուժի մեջ են մտնելու 2008թ.-ի հունվարի 1-ից:
Վերոնշյալ «ոչ պիտանի» օղակի գոյությունը շտկելու համար դատաիրավական նոր փոփոխությունները, մասնավորապես փոփոխված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, էականորեն սահմանափակել է գործը Վերաքննության կարգով քննելու հնարավորությունները:
Նախ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանի` գործն ըuտ էության լուծող oրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխություններում, շարունակելով գնահատողական հասկացությունների օգտագործման տրամաբանությունը, «uտորադաu դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական uխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ» ձևակերպմանը ավելացվեցին ևս մի քանիսը, օրինակ, «նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ», «արդարադատության բուն էության խաթարում» և այլն:
Նույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում»:
Այս դրույթի պրակտիկ կիրառումը խիստ կասկածելի է: Մարդու իրավունքների դատական պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով: ՀՀ Սահմանադրության 43-րդ և 44-րդ հոդվածներով նախատեսվում է մի շարք իրավունքների սահմանափակման հնարավորությունը օրենքով (օրենքով սահմանված կարգով), այն էլ հստակ սահմանված հիմքերի առկայության դեպքում, որոնց ցանկում իրավունքների դատական պաշտպանության իրավունքը ընդգրկված չէ: Այսինքն՝ իրավունքների դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը բացառում է նույնիսկ ՀՀ Սահմանադրությունը: Սակայն եթե անձը, վստահելով արդարադատությանը և մյուս կողմին, կնքում է «առաջին ատյանի դատարանում վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն», և օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով համաձայն չի լինում առաջին ատյանի դատարանի վճռի հետ, ապա արդեն իսկ զրկվում է վերաքննուոթյան կարգով իր գործի դատական քննության իրավունքից, քանզի վերաքննիչ բողոքի քննությունը վերաքննիչ դատարանի կողմից կախված է մյուս կողմի հայեցողությունից: Ստացվում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի սահմանափակումը բացառում է նույնիսկ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը, կարող է սահմանափակվել մեկ այլ անձի կողմից:
Արդարադատության հնարավորությունից օգտվելու մեկ այլ սահմանափակում նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն որի՝ «Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը»:
Ստացվում է, որ մարդու իրավունքները կարելի է բաժանել երկու խմբի՝
1. իրավունքներ, որոնց խախտման վերացման ճանապարհին թույլ տրված սխալը կարելի է ուղղել,
2. իրավունքներ, որոնց խախտումը վերացնելը «պարտադիր չէ», եթե այդ իրավունքների «գինը» չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, այսինքն՝ 50 000 ՀՀ դրամը:
Այս և նմանատիպ նորամուծություններին մնում է ավելացնել միայն դատարանին բացարկ հայտնելու ինստիտուտի վերացումը, քաղաքացիական դատավարությանը մասնակցող անձանց կողմից (հատկապես ներկայացուցիչների կողմից) բացատրություն տալու փոխարեն ցուցմունք տալու ինստիտուտի ներմուծումը, ապացույցները մինչև դատաքննությունը գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտելու պարտականությունը, որոնք էականորեն հակասում են քաղաքացիական դատավարությանը բնորոշ մրցակցության ու տնօրինչականության սկզբունքներին, և արդարադատության վերաբերյալ պատկերացումը կդառնա ամբողջական:
Նմանատիպ դրույթները ամբողջությամբ խեղաթյուրում են քաղաքացիական դատավարության էությունը, քանզի քաղաքացիական դատավարությունում դատարանի խնդիրը կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա ճշմարտության բացահայտումն է, այլ ոչ թե ի պաշտոնե օբյեկտիվ իրականության բացահայտումը:
Մարդու իրավունքների դատական պաշտպանության կարևորագույն նախապայմանը բարենպաստ օրենսդրության առկայությունն է, այնուհետև՝ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը այդ օրենսդրության տառին համապատասխան: Փորձադաշտ չդարձնելով մեր դատական համակարգը և նրա միջոցով պաշտպանվելու հնարավորություն ունեցող մարդուն ու նրա իրավունքները, հաճախակի նորամուծություններից պետք է անցնել արմատական փոփոխությունների, այն է՝ արդարադատության համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումներին՝ հաշվի առնելով հասարակության ու պրակտիկ իրավակիրառողների արձագանքները, իրավաբանական և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները, ինչի արդյունքում միայն կարելի է վերականգնել հասարակության կորսված վստահությունը պետության, դատական իշխանության ու արդարադատության նկատմամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել