Օգոստոսի 18-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակի առիթով։
Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում ասվում է․
«Սիրելի պրն․ Կարապետյան,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում Ձեզ՝ վաստակաշատ հայորդուդ, և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։
Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։
Բազումողորմ Աստված առատորեն օրհնել է Ձեզ և արժանացրել բազում շնորհների և պարգևների՝ բարեզարդելով Ձեր կյանքը նշանակալի հաջողություններով և իրագործումներով։ Այդ ճանապարհին Տերը Ձեզ ուղեկից է դարձրել Ձեր սիրելի ընտանիքին, գործընկերներին, Ձեր տեսիլքներին հավատ ընծայած հազարավոր անձանց։
Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։
Ազգօգուտ և հայրենանպաստ Ձեր գործունեությամբ Դուք արժանացել եք մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով։ Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող՝ արդեն իսկ արձանագրված Հայոց արդի պատմության լուսավոր էջերում:
Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։