Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ՀՀ-ն ապաշրջափակվում է։ Հարցեր են հնչում, թե ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը։ Այս մասին իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։
Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը, իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ։ Այլ բան, որ դեռևս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել, և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա։
Իսկ արդյո՞ք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում․ միանշանակ ոչ, որովհետեւ Վաշինգտոնի 3-րդ կետում արձանագրվել է նաեւ փոխադարձության սկզբունքը, եւ սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված եւ փոխընդունելի լուծումներ։»,-նշել է վարչապետը։