Նախարարությունը դատի է տվել «Վեոլիա Ջուր»-ին․ բազմաթիվ են նաև կազմակերպությունների և քաղաքացիների հայցերն՝ ընդդեմ այս ընկերության

ՀՀ բնապահպանության նախարարությունը երկու տարի առաջ դատի է տվել «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, որը ներկայումս անվանափոխվել է «Վեոլիա Ջուր»-ի։ Գործը հանգուցալուծվել է այս տարի։

Նախարարությունն ընկերությանը դատի է տվել ապօրինի շահագործվող ինքնաշատրվանվող հորի լուծարման աշխատանքների համար ծախսված 2.201.651 ՀՀ դրամ գումարը սեփականատիրոջից գանձելու պահանջով։

Հայցադիմումով դատարանին հայտնվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Գայ համայնքում «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապօրինի շահագործվող հորը, ՀՀ կառավարության 2004թվականի հոկտեմբերի 7-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը գույք հանձնելու մասին» թիվ 1469-Ա որոշման հավելվածի 2-ի 164-րդ կետի համաձայն հանձնվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հայցվորը տեղեկացրել է պատասխանողին իր միջոցներով լուծարել իր տարածքում գործող ապօրինի շահագործվող ինքնաշատրվանվող հորը: Քանի որ պատասխանողն իր միջոցների հաշվին չի լուծարել հիշյալ հորը, ուստի լուծարումը ՀՀ Կառավարության 2013թվականի հոկտեմբերի 31-ի «ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 20-ի 1616 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 1233-Ն որոշման համաձայն իրականացվել է պետական միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, ապօրինի շահագործվող հորի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցների փոխհատուցման համար ժամկետ է սահմանվել: Անցել է ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված չորսամյա ժամկետը և պատասխանողը չի փոխհատուցել լուծարման աշխատանքների համար ծախսված գումարները: Պատասխանողին տրվել է ևս մեկ հնարավորություն այդ գումարները փոխհատուցելու, նրան պատշաճ կարգով 2014թվականի դեկտեմբերի 16-ին ծանուցում է ուղարկվել, որպեսզի հիշյալ գումարը տասնօրյա ժամկետում փոխանցի պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Անցել է նաև ծանուցմամբ նշված այդ տասնօրյա ժամկետը:

2014թվականի հոկտեմբերի 17-ին կազմված N 55 կատարողական ակտով ամրագրված է կատարված աշխատանքների համար վճարման ենթակա գումարը:

Հաշվի առնելով վերոգրյալը դատարանից խնդրել է Պատասխանող «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.201.651 ՀՀ դրամ գումար:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ։ Դատավորը վճռել  է հայցը մերժել:

Բացի այդ, հակընդդեմ հայց էր եղել «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության, երրորդ անձինց` գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, Երևանի քաղաքապետարանի` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու, ինչը նույնպես մերժվել է։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետական մարմինները կամ ընկերությունները դիմում են դատարանը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության, բացի այդ, բազմաթիվ են քաղաքացիները հայցերը։

Օրինակ, ՓԲԸ-ի դեմ տարբեր տարիներին հայցեր է ներկայացրել «Արմենտել» ընկերությունը, «Պրոմեթեյ» բանկը և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել