Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը՝ մանրամասներ հայտնելով դպրոցի երկու աշակերտների ինքնավնասման միջադեպից, նշեց, որ դա դպրոցին գումար պարտք լինելու հետ բացարձակ կապ չունի:
«Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի պարզենք, թե ինքնասպանության փորձի մասին գրող լրատվամիջոցն ինչո՞ւ է նման կերպ աշխատել ու չճշտված տեղեկություն հրապարակել: Ամբողջ դպրոցի հեղինակությունն է ընկնում»,-վրդովված ներկայացրեց Ներսիկ Էլոյանը:
Ոստիկանությունում տղաներից մեկը հայտնել է թե անպատասխան սիրահարաված է և դա իր սիրած աղջկա համար է արել: Ներսիկ Էլոյանը նշեց նաև, որ մյուս տղան հայտնել է, թե իր վրա փող են ուզում աշխատել: Մեր այն դիտարկմանը, թե դպրոցն ի՞նչ ակնկալիքներ կարող էր ունենալ նրանից, տնօրենը նշեց գրքերի վարձավճարները, որոնց չափը, ինչպես նա ընդգծեց, սահմանվում է ԿԳՆ-ի կողմից, իսկ վճարները պետք է մինչև սեպտեմբերի վերջ արվեր. «Սահմանված վարձավճարների ցուցակները դպրոցում մի քանի տեղ ենք փակցնում, և գումարները վերցնում ենք ճիշտ այնքան, որքան որ նշված է լինում»:
«Ես դեռ ուրբաթ օրը, նրա վատ վարքագծի համար ասել էի, որ երկուշաբթի ծնողի հետ ներկայանա: Երկուշաբթի առավոտյան նա միայնակ եկավ, ասաց, որ եկել է գործերի հետևից, իսկ ես բացատրեցի, որ դրա իրավասությունը միայն իր ծնողն ունի: Գնաց, հետո դպրոցի ոստիկան տեսուչը կանչեց բուժկետ, ասաց, թե տես ինչ է եղել, այդ ժամանակ նրանց թևերն էին վիրակապում»,-հայտնեց Էլոյանը:
Տնօրենի խոսքով տղաները մինչ այդ էլի են աչքի ընկել անկարգություններով՝ «Մի անգամ մեքենա էին փախցրել, 12-րդ դասարանի տղաներից մեկի դեմքին էին հարվածել: Ոստիկանությունում հաշվառված չեն եղել, որովհետև այնտեղ էլ բացատրական աշխատանքներ են տարել, բաց թողել»-նշեց դպրոցի տնօրենը:
Այդ պահին տղայի դասղեկի հետ խոսել չհաջողվեց, քանի որ ոստիկանության բաժնում էր գտնվում:
Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում:
Ալիսա Չիլինգարյան