Ոստիկանության Անիի բաժնի պետին դատարանը տուգանեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` Էդվարդ Մանուկյանի տեղի ունեցավ թիվ ՇԴ/0101/01/12 քրեական գործի դատական նիստն ըստ մեղադրանքի` Համբարձում Գևորգի Տոնոյանի ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սույն քրեական գործով որպես մեղադրող` ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ` Ս. Նադոյանն էր, իսկ նույն գործով որպես փաստաբան հանդես էր գալիս Հանրային պաշտպան` Մամիկոն Մուրադյանը:
Համբարձում Տոնոյանը մեղադրվում էր այն բանի համար, որ աշխատելով ՀՀ ոստիկանության Անիի բաժնի պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության և անձանց իրավունքներին ու օրինական շահերին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության 375.1 հոդվածի` դատարանը կիրառեց դատական քննության արագացված կարգ:
Փաստաբանն հանդես եկավ իր պաշտպանական ճառով` միջնորդելով դատարանին նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ: Չնայած որ մեղադրողը պահանջել էր ազատազրկում 2 տարի ժամանակով: Փաստաբանը իր ճառում անդրադարձավ, որ ամբաստանյալը ունի ոստիկանության համակարգում աշխատանքային 45 տարվա ստաժ, ազնիվ է եղել և այդ տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: Դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, որ վերջինս երբևէ դատված չի եղել:
Ամբաստանյալ Համբարձում Տոնոյանը զղջաց և դատարանից խնդրեց մեղմ պատիժ կիրառել:

Դատարանը սույն գործով վճռեց` ամբաստանյալ` Համբարձում Տոնոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար և պատիժ նշանակեց տուգանք` 250.000 ՀՀ դրամի չափով, իսկ վերջինիս նկատմամբ խափանման միջոցն ստորագրություն չհեռանալու մասին թողեց անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հանրային թղթակից Լուսաբեր Տեր- Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել