Կառավարության չփոխվող ձեռագիրը

Կառավարությունն այսօր հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Գործադիրի նիստին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով օրենսգիրքը կազմող աշխատանքային խմբի անդամներից է, հայտարարում էր. «Սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսելու հանրային քննարկումները»:

Իսկ ինչպե՞ս այս «հենքը» հասավ կառավարություն: Բավականին գաղտնի եղանակներով: Նախագիծը մինչև գործադիր մտնելը շրջանառության մեջ այդպես էլ չդրվեց՝ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն գործադիրը օրենսդրական ակտերը, իրենց սաղմնային տարբերակով, քննարկում է հասարական լայն շրջանակների հետ, հետո նոր մտցնում գործադիր:

Այս «հենքը» առաջինը, այն էլ անգլերեն տարբերակով հայտնվեց Վենետիկի հանձնաժողովի կայքում, այդ մասին առաջինը մենք բարձրաձայնեցինք, այնուհետև երկու օր անց՝ կառավարության օրակարգ ընդգրկվեց:

Հրայր Թովմասյանն, ով նույնպես մասնակցել է օրենսգրքի մշակման աշխատանքներին, կառավարության նիստին առաջարկեց ԱԺ-ի համար անհետաձգելի համարել նախագիծը, իսկ Դավիթ Հարությունյանը պարզաբանում արեց, որպեսզի «անհետաձգելին» սխալ չընկալվի. «Ճանաչել անհետաձգելի, բայց հիշեցնել, որ ենթադրում է եռամսյա ժամկետ ընդունման համար, որևէ մեկն արհեստականորեն չի արագացնելու գործընթացը»,- թե ինչքանով են հավաստի պարոն Հարությունյանի խոսքերն, մինչ այս տեղի ունեցած գործընթացն արդեն պատասխանը տալիս է:

Ի դեպ, նման ձեռագիր կառավարությունը որդեգրել էր դեռ 2014թ.-ից: Նույնկերպ ապրիլի 1-ին ընդունվեց «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Այդ ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նման հայտարարություն տարածեցին. «Այս փաստաթուղթն ունի հանրային կարևորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների և հանրային մասնակցության ապահովման: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարևոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից»:

Ինչպես տեսնում ենք՝ ձեռագիրը նույնն է: Մի հետաքրքիր հանգամանք, վերոնշյալ հայեցակարգի մշակման աշխատանքային խմբում դեռ այդ տարիներին ընդգրկված էր «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի երկու ներկայացուցիչներ, ինչպես հայեցակարգն, այնպես էլ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը հաստատվեցին միանման սկզբունքով՝ առանց հասարական խոշորացույցի տակ անցնելու հանգամանքի, բայց 2014թ.-ին «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի հակակոռուպցիոն կենտրոնը ձայն չհանեց, իսկ երեկ հայտարարությամբ հանդես եկավ, դատապարտեց, որ օրենսգրքի նախագիծն ընդունվում է գաղտնի կերպով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել