Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է “Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի” հայեցակարգը:
Այս փաստաթուղթն ունի հանրային կարևորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների և հանրային մասնակցության ապահովման:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարեւոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնելով «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա շրջանակներում առաջիկայում հիշյալ հայեցակարգը կներկայացնեն քաղաքացիական հասարակության քննարկմանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
Ինֆորմացիայի ազատության կենտրոն