Փաստաբան Արփինե Եղիկյանը չի գտնում, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը կապված է նրա գործունեության քննադատության հետ, նրա կարծիքով՝ հրաժարականը կարող է ունենալ նաև անձնական դրդապատճառներ, և քանի որ ոչինչ հստակ չի ասվում, պատճառները գուշակելն անիմաստ է: Այդուհանդերձ փաստաբանը համարում է, որ սա անսպասելի և այդ պաշտոնին ոչ հարիր ձևով մատուցված որոշում էր:
Նրա փոխանցմամբ՝ խնդրահարույց է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը. «Այս ինստիտուտն, ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության լրացուցիչ, օժանդակող միջոց է, և բոլոր երկրներում գրեթե լիազորությունների նույն շրջանակն ունի: Ինչու՞ օժանդակող, որովհետև չունի պարտավորեցման գործառույթ: Մեր երկրում առկա խնդիրն այն է, որ ընդհանուր համակարգային մոտեցումը ՄԻՊ-ի նկատմամբ այն չէ, ինչ պետք է լինի, որն էլ խոչընդոտում է նրա գործունեության առավել արդյունավետ լինելուն: Այսինքն, քանի որ մարդու իրավունքների պաշտպանը չունի պարտավորեցնող լիազորություն, նրա ցանկացած հայտարարություն և զեկույց պետք է լինի համապատասխան մարմինների ուսումնասիրության առարկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ՄԻ նոր պաշտպանը: Արփինե Եղիկյանի համոզմամբ՝ այս պաշտոնը զբաղեցնող անձի խնդիրը, մարդու իրավունքները պաշտպանելուն զուգահեռ, պետք է լինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակության բարձրացումը. «Եթե այդ անձն ունենա բավականաչափ հեղինակություն մյուս պաշտոնատար անձանց շրջանակներում, նա ավելի արդյունավետ գործունեություն կարող է իրականացնել. Իսկ այդ հեղինակությունը պետք է ձեռք բերվի նաև հետևողական աշխատանքի, իր լիազորություններն ամբողջությամբ կիրառելու և զեկույցների նկատմամբ պատշաճ ուշադրություն ձևավորելու շնորհիվ»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: