Արդյո՞ք բանկերը չեն խաբում քաղաքացիներին. որքա՞ն կարող է լինել տոկոսի առավելագույն չափը

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887–րդ հոդվածի համաձայն սահմանվում է, որ վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Նույն հոդվածի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

Այսպես, 46–րդ գլխում (որը կարգավորում է փոխառության պայմանագրի կապակցությամբ ծագող քաղաքացիական իրավահարաբերությունները) ամրագրված է 879–րդ հոդվածը, որը սահմանում է փոխառության պայմանագրի տոկոսների իրավական կարգավորումը, որը նույնանման եղանակով կիրառելի է նաև բանկերի կողմից վարկեր տրամադրելու կապակցությամբ ծագող քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ։

Վկայակոչված 879–րդ հոդվածը սահմանում է.«Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկըՏոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: (…)»

Բանկային տոկոսի հաշվարկային դրույքները ՀՀ կենտրոնական բանկը սկսել է սահմանել 08.12.1999 թվականից, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 08.12.1999թ. թիվ 206 որոշմամբ: Մինչ այդ՝ դրամավարկային քաղաքականության նպատակներից ելնելով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքներ:

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում (cba.am) կարող եք գտնել սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը, որը սահմանվել է 12 տոկոս մեկ տարվա կտրվածքով։ Այս չափը չի փոփոխվել դեռևս 2010 թվականի նոյեմբերի 11–ից, 12 տոկոսի չափը սահմանվել է Կենտրոնական բանկի խորհրդի 283–Ն որոշմամբ։

Այսինքն, հաշվի առնելով քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթը` սահմանող, որ բանկային տոկոսը չի կարող գերազանցել կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկման դրույքի կրկնապատիկը, ստացվում է բանկային տոկոսի հաշվարկման հետևյալ մեխանիզմը`

1 ամիս 1 տոկոս, առավելագույն չափը 2 %
12 ամիս 12 տոկոս, առավելագույն չափը 24%

Սկսած 1998 թվականից բոլոր տարիների բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 213–րդ հոդվածի համաձայն սահմանվում է քրեական պատասխանատվություն հետևյալ հանցակազմի հատկանիշների առկայության դեպքում. « Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել