Ատեստավորման միջոցով որակավորման 5 տարի ժամկետային տևողությամբ տարակարգ (ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշ) ստացած ուսուցչին, ըստ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների, տրվում է հավելավճար, որի չափը սահմանվում է ՀՀ կառավարության № 1745-Ն որոշման 4-րդ հավելվածով:
Այսպիսով, համաձայն վերոնշյալ հավելվածի 2-րդ կետի. «Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝
1) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով.
2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.
3) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.
4) առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով» :
Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:
Նշված կարգով սահմանված հավելավճարները տրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին:
Ավելացնենք նաև, որ ատեստավորված ուսուցիչը տարակարգի շնորհմանը մասնակցում է իր նախաձեռնությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը:
ՈՒսուցչի որակավորման 4 աստիճանի տարակարգեր շնորհելու կարգն ու պայմանները նախատեսված են, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, վերոնշյալ որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. № 1031-Ն հրամանով: