«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են այն սահմանափակումները, որոնցով արգելվում է ՀՀ տարածք ներմուծել, ՀՀ-ում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել համապատասխան սննդամթերքներ, ինչպես նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր:
Հղում կատարելով վերոգրյալ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի` նշենք, որ արգելվում է ՀՀ-ում ներմուծել, ՀՀ տարաքում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, ինչպես նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր` անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը, որ լեզվով է կատարված, եթե`
1) պիտանիության ժամկետն անցած է
2) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ
3) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ
4) ժամկետը կրկնակի մակնշված է կամ բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:
Արգելվում է նաև ՀՀ ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի հայերեն մակնշումը փակցնել արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
Ավելացնեք նաև, որ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից (100.000 դրամ) մինչև 200-ապատիկի չափով` 200,000 դրամ: