26-ամյա ծննդկանի մահվան գործով գինեկոլոգը վկա է անցնում

«Ես էլ, կինս էլ Շուշանիկ Բախշյանին առաջարկել ենք, որ կեսարյան հատում արվի, բժիշկը պատասխանել է՝ ոչ մի դեպքում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց օրեր առաջ մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:

Մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանն էլ ասաց, որ ներկայումս հարցաքննվում են Մերի Մարգարյանի հարազատները, այսինքն՝ տուժող կողմի ներկայացուցիչները: Նա նաև նշեց, որ ծննդկանի մահվան գործը բացառիկ է, քանի որ մահացել է նաև նորածին երեխան և ավելացրեց, որ այս գործում նրա հղիությունը հսկող գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, ով ծննդկանին չի ցուցաբերել համապատասխան բուժօգնություն, մինչև հիմա ասում է, որ գինեկոլոգիական ոչ մի խնդիր չի եղել, թող գտնեն իրական մեղավորի: Փաստաբանը նաև ասաց, որ բժիշկն այս գործում ներգրավված է որպես վկա:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտության արդյունքները արդեն կան, թե՝ ոչ, Մարինե Թովմասյանը պատասխանեց. «Հետազոտությունները մեզ չեն տվել, որովհետվ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետազոտության արդյունքները Մերի Մարգարյանի դիահերձման վերաբերյալ ներկայացվել են դատաբժշկական կենտրոնին: Ես հետազոտության արդյունքները չեմ հասցրել վերցնել, քանի որ դրանք արդեն գտնվում էին դատաբժշկական կենտրոնում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի առողջական վիճակը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ օրեր անց ծննդկանը և նրա նորածին երեխան  մահացել են: Օգոստոսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝  Մերիի հղիությունը հսկող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը  ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով  հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Էլեն Բարսեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել