Մանրածախ առևտուրը՝ որպես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների առուծախ, իրականացվում է խանութների, տաղավարների, կրպակների, ինքնաշխատ սարքերի (ավտոմատներ), ինչպես նաև շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով:
Մանրածախ առևտուր անելու վերաբերյալ կան կանոններ՝ ամրագրված ՀՀ կառավարության № 35 որոշման մեջ, համաձայն որի՝
«Խանութի ճակատային մասում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են խանութի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն, աշխատանքային ռեժիմը: Վաճառքի համար ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա հստակ լրացված գնապիտակ»:
Վերոհիշյալ որոշմամբ նաև սահմանվում են մի շարք արգելքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները՝
Արգելվում է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի գրավոր թույլտվության առկայության դեպքում):
Չի թույլատրվում նաև պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց ապրանքների համապատասխանության սերտիֆիկատների:
Պարենային ապրանքները վաճառքի համար նախապատրաստող և վաճառք իրականացնող աշխատողները պարտավոր են սահմանված կարգով անցնել նախնական և պարբերական բժշկական զննություն:
Խանութում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում են սույն կանոնները և տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու թույլտվությունը (լիցենզիան):