Քաղաքացիական հասարակությունը չի կարող պասիվորեն սպասել, որ օրակարգը կերտի գործադիր իշխանությունը. Ալեսանդրո Զանոտա

Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տնտեսական խորհրդական Ալեսանդրո Զանոտան այսօր «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն հասնելու համար հարկավոր է երկու ուղղությամբ աշխատել:

Նախ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի. «Քաղակական հստակ հանձնարարություն է պետք, առանց այդ հանձնարարության` քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների ջանքերն ապարդյուն կլինեն,- ասաց պարոն Զանոտան` հավելելով,- ԵՄ-ն քաջալերում է կառավարությանը, որպեսզի այն հնարավորինս շուտ ընդունի հակակոռուպցիոն ռազմավարությունը»:

Այնուհետև պետք է աշխատանքներ տանի քաղաքացիական հասարակությունը` ի դեմս հասարակական կազմակերպությունների. «Քաղհասարակությունն ու բիզնես հանրույթը նույնպես պետք է դիմագրավեն մարտահրավերին ու քաղաքացիների տեսակետը լսելի դարձնեն` քննադատական պահանջներով և հիմնավորումներով, իրենց մտածողությամբ»:

Ըստ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տնտեսական խորհրդականի` քաղհասարակությունը պետք է ակտիվ գործունեություն ծավալի. «Այն չի կարող պարզապես պասիվորեն սպասել, որ օրակարգը կերտի գործադիր իշխանությունը, որը օտարված կլինի հասարակությունից, ուստի ԵՄ-ն աջակցում է ՔՀԿ-ներին»,- ընդգծեց պարոն Զանոտան:

Նշենք, որ աշխատաժողովն իրականացվում է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում» ծրագրի շրջանակներում՝ ԹԻՀԿ-ի կողմից և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Այս նիստը բոյկոտել էին քաղհասարակության ներկայացուցիչները, նրանք պահանջում են լուծել բազմակողմանի մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծման մասին հարցը, որը պետք է երկու հարց քննարկի՝ ինստիտուցիոնալ կառուցակարգերի և ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել