Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ները. կա 6 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա բախվել են Mercedes E 320 մակնիշի 29 PP 222 համարանիշի և Mercedes C 200 մակնիշի 35 DU 905 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 վարորդներն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Հարվածի արդյունքում մեքենաներից մեկի գազաբալոնը շպրտվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ինգո Արմենիա և Ռոսգոստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, իսկ հարվածի արդյունքում Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել սիզամարգերի մեջ: Օպերատիվորեն ժամանել են նաև էլեկտրացանցի աշխատակիցները քանի որ վնասվել էր նաև էլեկտրասյունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել