«Ուրիշ»,- Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այլ պատասխան չուներ Իրավաբան.net-ի լրագրողի հարցին:
Կառավարության այսօրվա նիստից հետո նախարարը դուրս եկավ շենքից, որտեղ նրան խնդրանքով դիմում էին ցուցարարներից ոմանք, նրանց հետ զրույցում պարոն Մանուկյանը պարզեց, որ բողոքներն իր ոլորտին չեն առնչվում:
Իրավաբան.net-ի լրագրողը նախարարից հետաքրքրվեց, թե Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ոչ մի ՀԿ հայտ չի ներկայացվել, ինչպիսի՞ գնահատական ունի պարոն Մանուկյանը, վերջինս պատասխանեց. «Ես այլ ինֆորմացիա ունեմ»:
Մեր ճշտող հարցին, թե քանի՞ ՀԿ է հայտ ներկայացրել, ըստ նախարարի ինֆորմացիայի, պարոն Մանուկյանը պատասխան չտվեց, պարզապես ասաց. «Ուրիշ»:
Հիշեցնենք՝ վերջին օրերին Իրավաբան.net-ը գրեթե ամեն օր հայտեր ընդունող մարմնից` ՀՀ կառավարության աշխատակզմից, տեղեկանում էր մրցույթի մասին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երեկ էր՝ մայիսի 13-ին: Երեկվա դրությամբ, ժամը 18:06-ին զանգահարեցինք ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանին, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է, ճշտեցինք, թե արդյոք դիմումներ եղել են, նա պատասխանեց, որ որևէ հայտ չի փոխանցվել ՀՀ կառավարություն (բոլոր ձայնագրություններն առկա են):
Արդեն այսօր` Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը` (010) 51-59-74, զանգերին չի պատասխանում:
Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: