Աշխատողների հետ պայմանագիր չկնքելու և հարկերից խուսափելու համար հայտնվել է ամբաստնյալի աթոռին

64-ամյա Շահեն Շախբազյանը ամբաստանվում է 13 աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու միջոցով հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու համար:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա լինելով «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերության տնօրեն, 05.10.2012թ. շինարարական կապալի պայմանագիր է կնքել «Վան Ալ Էն Կ» ՍՊ ընկերության հետ, համաձայն որի, պարտավորվել է մինչև 30.11.2013թ. պատվիրատուի համար իրականացնել Լոռվա մարզի Կաճաճկուտ համայնքում Կաճաճկուտ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը:

Աշխատանքների կատարման ընթացքում «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերությունում վարձու աշխատանք են կատարել 13 անձիք, որոնց հետ Շահեն Շախբազյանը չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր` խախտելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները:

Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի «դ» ենթակետի` գործատուն պարտավոր է տվյալ /արձանագրման/ ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել և վճարել եկամտային հարկ` 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թիվը գերազանցում է ինը:

Այսպիսով Շահեն Շախբազյանը 2012-2013թ. ընթացքում «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերության վարձու 13 աշխատողների հետ չկնքելով գրավոր աշխատանքային պայմանագրեր և հարկային մարմին եկամտային հարկի հաշվարկներ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց` պետությանը պատճառելով խոշոր վնաս` 7.800.000 ՀՀ դրամի չափով:

Ի դեպ, Շահեն Շախբազյանն ներկայումս մեկ այլ գործով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրում է «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրված եղել այն բանի համար, որ 2011թ. մարտի 25-ին իր կնոջ անունով հիմնադրել է «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊԸ, այն հաշվառել ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում և նույն թվականի ապրիլից ստանձնելով ընկերության տնօրենի պարտականությունները, ձեռնարկատիրական գործունեության ծավալման ընթացքում, մի շարք կազմակերպություններից ձեռք է բերել ապրանք, առանց ծառայությունների մատուցման հաշիվ-ապրանքագրեր`  նպատակ ունենալով չարամտորեն խուսափել հարկային պարտականությունները կատարելուց:

Այս գործով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամաբ պատիժ է սահմանել 3 տարվա ազատազրկումը, վերաքննիչ ատյանը մերժել է Շախբազյանի պաշտպանի բողոքը, իսկ վճռաբեկը` վերադարձրել այն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել