22-ամյա տղան դատապարտվել է 14 տարեկան աղջկա հետ ամուսնանալու համար

22-ամյա Ա. Մ-ն դատապարտվել է 16 տարին չլրացած աղջկա հետ փաստացի ամուսնանալու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատավճռի համաձայն` Ա-ն շուրջ 2 տարի ընկերական հարաբերությունների մեջ գտնվելով և նախապես տեղեկացված լինելով իր ընկերուհու 16 տարին չլրացած լինելու մասին, 2013 թվականին (աղջիկն այդ ժամանակ 14 տարեկան է եղել)  փաստացի ամուսնացել է նրա հետ: 2014-ին կինը հղիացել է և երեխա ունեցել:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և նրա միջնորդությամբ դատաքննությունն արագացված կարգով է իրականացվել:

Դատարանը դատավճիռ ընդունելիս հաշվի առել այն մեղմացուցիչ հանագմանքները, որ երիտասարդը ընտանիք է կազմել, իր խնամքին ունի մանկահասակ երեխա, դրական է բնութագրվում: Եվ որպես պատիժ նշանակել է տուգանք 100 հազար դրամի չափով:

Դատավճիռը հրապարակվել է ապրիլի 13-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում: Գործը քննել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել