Աղջիկն իր կամքով փախել է տղայի հետ, ոստիկանությունում հակառակն ասել. մեղադրական եզրակացություն

21-ամյա Ս. Խ-ն իր կամքով փախել է սիրած տղայի հետ, իսկ հետո ոստիկանությունում հաղորդում ներկայացրել, թե սիրած տղան առևանգել է իրեն: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա 2014թ. հունվար ամսից ամուսնության նպատակով ընկերություն է արել Վ. Խ-ի հետ, սակայն նրանց միասնությանը դեմ է եղել Ս.Խ-ի մայրը: Այդ պատճառով էլ այս տարվա հունվարի 19-ին աղջիկն իր կամքով ամուսնության նպատակով հեռացել է Վ-ի հետ և 2 օր բնակվել է նրա տանը:

Իսկ հետո ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում գրավոր հաղորդմամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել, որը զուգորդվել է Վ-ին և նրա ընկերոջը ծանր հանցագորության մեջ մեղադրելով:

Ոստիկանությանը հայտնել է, թե իբր Վ-ն` ընկերոջ հետ իր կամքին հակառակ` խաբեության և բռնություն գործադրելու միջոցով առևանգել են իրեն և մեքենայով տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հանրակացարան, այնուհետև  Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում գտնվող Վ-ի տուն:

Գործը քննվում է էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել