«Մարմնավաճառը փողոցում կանգնելուց չի ամաչում, էստեղ ամաչում է». դատարանում փաստաբանը վրդովվեց

Դուբայում կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով 39-ամյա Հերիքնազն այսօրվա դատական նիստին ներկա չէր: Դատարանը հիշեցրեց, որ նախորդ նիստի ժամանակ, երբ դռնփակության կարգով հարցաքննվելիս է եղել տուժող Ե.Ն-ն, ամբաստանյալի նկատմամբ սանկցիա է կիրառվել` 2 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից:

Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը նաև ժամանակ է խնդրել դատարանից` դատավորի դեմ ինքնաբացարակի միջնորդությամբ հանդես գալու համար: Սակայն այսօրվա դատական նիստի ժամանակ պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, թե չեն պնդում իրենց միջնորդությունը և խնդրում են դատավորին, որ նա շարունակի գործը քննել: Հիշեցնենք, որ գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Հրանտ Գևորգյանը սակայն մեկ այլ միջնորդություն արեց` մեղադրանքը հետ ուղարկել խմբագրման և վերափոխման: Հիմնավորումը հետևյալն էր, թե Հերիքնազի քրոջ` Բավականի գործով, ով արդեն դատապարտված է 11 տարվա ազատազրկման, մեղադրողը հրաժարվել էր տուժողներից Ա.Բ-ի դրվագով մեղադրանքից, սակայն այս նույն անձի մասով դատախազի չի հրաժարվել մեղադրանքից, այնինչ` քույրեր Հերիքնազն ու Բավականը, համաձայն մեղադրանքի, նույն խմբի կազմում են հանցագործություն կատարել:

Ինչպեսև յուրաքանչյուր միջնորդություն, այս մեկն էլ բուռն քննարկվեց դատավարության մասնակիցների կողմից: Դատավորն, ի վերջո հունից դուրս գալով, հարց տվեց, թե փաստաբանը օրենսգրքի ո՞ր նորմի հիմքով է նման միջնորդություն անում:

Կողմերին լսելուց հետո դատարանը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ այն ակնհայտ անհիմն է և օրենսդրությունը մեղադրանքը վերադարձնելու ինստիտուտ չի նախատեսում:

Այսօրվա դատական նիստին էլ շարունակվեց տուժող Ե. Ն-ի հարցաքննությունը` նույնպես դռնփակության կարգով: Այնուհետև հարցաքննվեց նրա մայրը: Երբ կնոջը հարց տվեցին, թե իր դստերը Դուբայ ինչի համար էին կանչում, կարկամեց և ամաչեց ասել: Դատախազը միջնորդեց այս վկային նույնպես դռնփակության կարգով հարցաքննել, քանի որ նա կարող է տուժող Ե.Ն-ի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ հայտնել:

Այս միջնորդությունն ակնհայտ դուր չեկավ պաշտպանական կողմին, փաստաբան Հրանտ Գևորգյանը ասաց. «Չքմեղանալու բան են գտել: Մարմնավաճառը չի ամաչում, փողոցում կանգնում է, էստեղ եկել, ամաչում են»:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Հերիքնազը,  բնակվելով Դուբայ քաղաքում և զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ` Բավականի  և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ:

Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, դիմավորել նրանց Դուբայ քաղաքում:  Իսկ Հերիքնազն ու Բավականը կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները: Նշենք, որ Բավականն արդեն իսկ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել