Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց. ՀՀ կառավարություն

Այսօր կառավարության նիստին օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին: Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015թ. մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ օրինագիծ, միջազգային հինգ պայմանագրի վավերացում:

Կլուծվի զինծառայողի բուժման հարցը

Նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին: ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով զինծառայողն արտերկրում բուժման կուրս անցել է, բայց այն բավարար չի եղել ապաքինման համար: Այժմ քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ու կառավարության անդամներն իրենց աջակցությունը կցուցաբերեն, որպեսզի Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել