Սկանդալային օֆշորի գործը շուտով կուղարկվի դատարան

Սկանդալային օֆշորի գործով նախաքննությունը մոտեցել է ավարտին և շուտով գործը կուղարկվի դատարան: Այս մասին Իրավաբան.net-ին հատնեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը:

Փայլակ Հայրապետյանը դժգոհ է նախաքննության ընթացքից՝ չեն հետազոտվել մի շարք փաստաթղթեր, կարևոր հանգամանքեր, գործին առնչվող մի շարք անձիք չեն հարցաքննվել, առերեսումներ չեն եղել նրանց հետ. «Պետք է հարցաքննվեր բանկի ողջ անձնակազմը, թե ինչպես են կազմել բիզնես ծրագիրը, ինչու չեն աշխատել բիզնես ծրագրող, ինչու են գումարները բաց թողել և ոչ ոք չի հետևել»:

Տուժողի խոսքով, նախաքննության ընթացքում ինքն առերեսվել է միայն գործով մեղադրյալ ներգրավված անդամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ: Վերջինս հայտնել է, թե ապօրինի բոլոր գործարքներն ինքն է արել և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նվասարդ Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կապ չունեն դրա հետ:

Հիշեցնենք, որ 2009 թվականին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մոտ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկային ծրագիրը: Նշվել էր, որ 500 միլիոնից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքի՝ ադամանդի հումքի տեսքով և վարկի մարումն էլ պետք է իրականցվեր արդեն իսկ մշակված ադամանդի տեսքով:

Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը՝  «Ամերիաբանկից» մոտ 12 մլն դոլար վարկ ստանալու և դրանով աֆրիկյան Սիերա Լիոնե հանրապետությունից ավելի էժան գնով ադամանդի հումք ներկրելու նպատակով: «Ամերիաբանկը» մոտ 10 միլիոն դոլար է տվել Աշոտ Սուքիասյանին պատկանող  ՍՊԸ-ին և չի հետևել, թե արդյոք կատարվում են վարկային պարտավորությունները: Իվերջո, վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը սկսել է իրացնել Փայլակ Հայրապետյանի կողմից գրավադրված գույքը:

Անդրադառնալով գործի նախաքննությանը, Փ. Հայրապետյանն ասաց.  «Մատների արանքով են նայում, պետք է մեկին դատեն ու վերջացնեն: Իմ ամբողջ ունեցվածքը վերցրել են, տվել են աջ ու ձախ, բանկը վաճառել է օրինական, անօրինական: Իրենք իրավունք չունեին իմ բիզնեսին ձեռք տալ, սակայն երկիրը օրենք չունի, եթե անգամ ունի էլ, չի օգտագործվում»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել