բացել բոլորը
Փակել

Ու՞մ կենացն է խմել Նավասարդ Կճոյանը Եվրոպայում. սկանդալային օֆշորի գործով հարցաքննվում է տուժողը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սկանդալային օֆշորի գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը:

«Այս ոսկորը կուլ չի գնալու: Մտածում էին, թե որդուս մահից հետո այս հարվածին չեմ դիմանա, բայց ես ապրելու եմ»,- դատարանում հայտարարեց տուժողը: նրա խոսքով, ինքն իր ողջ կարողությունը գրավադրել է, որպեսզի 10 հազար աշխատատեղ բացվի Հայաստանում, ու եթե այդքան մարդ աշխատանք ունենար, այն էլ ոսկու և ադամանդի արդյունաբերության մեջ, ապա շահույթն էլ բնականաբար մեծ կլիներ:

Նշենք, որ այս գործով Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, նաև  չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Փայլակ Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանի հետ պայմանավորվածության համաձայն պետք է Աֆրիկայից ադամանդի հումք ներկրվեր, որն էլ վերամշակվեր Հայաստանում: Ըստ Փայլակ Հայրապետյանի` Աշոտ Սուքիասյանը նրան հավաստիացրել է, որ համապատասխան վայրը կա, կան համապատասխան գործիքներն ու մեխանիզմները` գործը սկսելու համար, և ինքն էլ իր 33 միլիոն դոլարի գույքը գրավ է դրել, որպեսզի գործի մեջ ներդնի 12 մլն դոլար:  Տուժողի խոսքով`  Աշոտ Սուքիասյանը տեսագրություններ է ցույց տվել, թե ինչպես են ոսկին, ադամանդը հանում, ասել, թե այնտեղ հանքեր ունի, համապատասխան մեքենաներ` աշխատելու համար:

Այնուհետև «Ամերիաբանկ»-ից 12.5 մլն դրամ վարկ վերցնելուց հետո մի քանի անգամ հանդիպել է Աշոտ Սուքիասյանին, վերջինս նրան հուսադրել է, որ գործերը շուտով կսկսվեն, հումքը շուտով կգա: Նույնիսկ մի օր նրան, Նավասարդ Կճոյանին ու ևս մի քանի հոգու ճանապարհել է Եվրոպա. «Գիշերվա ժամը մեկին Աշոտը զանգեց, թե պարոն Հայրապետյան, քո կենացն ենք խմում: Հետո էլ հեռախոսը տվեց Կճոյանին, ինքն էլ թե գիտե՞ս` ում կենանցն ենք խմում հիմա»:

Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի այն հարցին, թե ինչու՞ է Փայլակ Հայրապետյանը վստահել Աշոտ Սուքիասյանին, տուժողը պատասխանեց, թե ինքը վստահել է նախևառաջ պետությանը, քանի որ հայտնի հանդիպման ժամանակ հասկացել է, որ ծրագիրը հովանավորվում է վարչապետի, մի քանի նախարարների կողմից:

Փայլակ Հայրապետյանը իր խոսքում բազմիցս նշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի մասնակցությունը իր ունեզրկման գործին: Նա նշեց, որ պետությունը պարտավոր էր վերահսկել, թե այդ 12 մլն դրամը ինչպես է դուրս բերվում երկրից, ուր է ուղարկվում, ինչը, սակայն չի արվել: Նրա խոսքով, այդ գումարները ուղարկվել են օֆշորային գոտի, որտեղից նորից հետ են ուղարկվել և այստեղ Կճոյանն ու Սուքիասյանը մեքենա ու ոսկիներ են գնել:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին ուղղված իր հարցերի ժամանակ նաև մի քանի հայտարարություն արեց` նշելով նաև, որ Կճոյանը որևէ կապ չունի այս ամենի հետ և տուժողը մի երկու անգամ է տեսել Կճոյանին, քանի որ վերջինս իր խաչի քավորն է:

Ամբաստնյալը նաև հայտնեց, որ ինքը կամավոր է ցանկացել վերադառնալ Հայաստան, Վրաստանում իրեն բռնելու պատմությունը սարքվել է:

Նշենք նաև, որ դատական նիստը անցնում է աղմկոտ ու լարված միջավայրում, փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Այսօր նույնիսկ ամբաստնյալը տուժողին մեղադրեց իր բիզնեսը խլելու փորձի մեջ:

Տուժողի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` հուլիսի 23-ին:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել