Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում դատավճիռ կայացվեց «Օֆշոր»-ի վերաբերյալ գործով: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը մեղավոր ճանաչվեց մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է, համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը, և դատապարտվեց ընդհանուր առմամբ 16 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան հանցագործությամբ պատճառված վնասի չափով:
Դատարանը բավարարեց գործով երեք տուժողի քաղհայցերը: Մասնավորապես, Աշոտ Սուքիասյանից հօգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի պետք է բռնագանձվի 8 միլիարդ 519 միլիոն 412 692 հազար ՀՀ դամ, հօգուտ Վարդան Հայրապետյանի՝ 623 միլիոն 403 հազար 360 ՀՀ դրամ գումար, տուժող Գառնիկ Ղարիբյանի՝ 2 միլիարդ 763 միլիոն 897 հազար 940 ՀՀ դրամ, որպես հանցագործության հետևանքով նրանց պատճառված գույքային վնասի հատուցում:
Աշոտ Սուքիասյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 82 միլիոն 447 հազար 445 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի փոխհատուցում:
Դատարանը գտավ, որ մեղադրանքն ապացուցված է, ամբաստանյալին մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական որակում է տրվել: Դատարանը որպես ոչ արժանահավատ և մտացածին բնորոշեց ամբաստանյալի հայտարարությունն այն մասին, որ խաբեություն տեղի չի ունեցել և որ խնդիրը քաղաքացիա-իրավական տիրույթում է, որ Հայրապետյանն է ներխուժել իր բիզնես՝ նպատակ ունենալով այն իրենից խլել, ինչը նրան հաջողվել է: Այս պնդումները, ըստ դատարանի, չեն համապատասխանում գործի քննությամբ ձեռք բերված տվյալներին և նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Անհիմն է նաև ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի միջնորդությունը հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ կայացնելու մասին:
Նշենք, որ մեղադրող Դավիթ Վեքիլյանը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատարանը գտավ, որ մեղադրողը՝ միջնորդելով առանձնապես խոշոր չափերով հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով 4 տարվա ազատազրկման դատապարտել, հաշվի չի առել, որ 2009թ.-ին փոխվել է այդ հոդվածով նախատեսված պատժի չափը՝ այն նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում, մինչև փոփոխությունը եղած 3-6 տարվա ազատազրկման փոխարեն, այսինքն՝ արդյունքում դատախազը չի միջնորդել կիրառել հոդվածով նախատեսված անգամ նվազագույն պատիժը: