«Օֆշորի» գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանի փաստաբանը դիմելու է Վերաքննիչ դատարան՝ Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու պահանջով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դատարանը անարդարացի դատավճիռ է կայացրել և հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի կողմից մինչև այդ կայացրած նախադեպային որոշումները:
«Այս գործը ընդհանրապես քաղաքացիական է, ոչ թե քրեական: Այստեղ երկու քաղաքացիների շահերի բախում է»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Պաշտպանը կարծիքով, դատարանի այս որոշման վրա լրատվամիջոցների ազդեցությունը մեծ է եղել. «Բոլորը նրան ներկայացնում էին որպես տուժող, լրատվամիջոցները ջանք ու եռանդ չէին խնայում ու հենց այդ ներգործությունների պատճառով էլ դատավորը նման որոշում կայացրեց»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Աշոտ Սուքիասյանը երեկ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: