Որոշ քննիչներ նույնականացվում են դատախազի օգնականի հետ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով Քննչական կոմիտեն դեռևս գտնվում է կայացման փուլում, չնայած, ըստ նրա, փոփոխման ենթակա են արմատացած մի շարք բարքեր:

«Ես իմ դժգոհությունն ունեմ քննչական կոմիտեի առանձին քննիչների աշխատանքից: Որոշ քննիչներ, ցավոք սրտի, նույնականացվում են դատախազի օգնականի հետ, նրանք փաստ հավաքելու առաքելությունից և ընդհանրապես՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու կարգավիճակից ստանձնել են մեղադրողի համար մեղադրական բնույթի փաստեր հավաքելու կարգավիճակը, ինչը խաթարում է օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու գաղափարը»,- նշեց պարոն Նորիկյանը:

Ըստ փաստաբանի՝ այս խնդիրները նախկինում նույնպես արդիական են եղել. «Եկեք խոստովանենք, որ դա հոգեբանության, մտածողության հետ առնչվող հանգամանք է, և հնարավոր չէ անվան փոփոխությունից և գերատեսչական տարանջատվածությունից հետո անմիջապես շտկվի: Ի վերջո, դա իրագործում են անձիք: Ժամանակ է պետք կամ նոր կադրեր, որ այդ անվանը համահունչ փոխեն նաև այդ կառույցի մտայնությունն ու մտածողությունը: Ես կուզենայի տեսնել այդ կառույցը բավականին համարձակ ու անկաշկանդ: Նշեմ, որ խնդիրները պայմանավորված են ոչ միայն իրենց աշխատանքով, քանի որ օբյեկտիվ քննիչներ նույնպես ունենք, այլ ընդամենը ներգերատեսչական շահերով պայմանավորված շահերով՝ գլխավոր դատախազություն-քննչական կոմիտե, քննչական կոմիտե-ոստիկանություն, քննչական կոմիտե-ազգային անվտանգության ծառայություն»,- եզրահանգեց պարոն Նորիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել