Երևանի պետական համալսարանում կատարվելիք ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Ա.Հ-ն մարտի 19-ին զանգել է ոստիկանություն և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնել, իսկ հաջորդ օրը իր ընկերուհուն է դրդրել նույն քայլը կատարել:
Այս քայլի պատճառն այն է եղել, որ ուսանողը ցածր առաջադիմություն է ունեցել և համալսարանից դուրս մնալու շեմին եղել: Իսկ երբ իմացել է, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ, նրա այցը խափանելու համար դիմել է հանցավոր քայլին:
Ա.Հ-ին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), իսկ աղջկան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։