ՀՅԴ-ն չի ընդգրկվի հակակոռուպցիոն խորհրդի կազմում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ի պատասխան վարչապետի՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրվելու առաջարկության:  Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Մեծարգո վարչապետ,

Շնորհակալություն հայտնելով Ձեր՝ 20.03.15թ. թիվ 01/41.1/4250-15 գրությամբ արված առաջարկության համար՝ կառավարության 19.02.15թ. թիվ 165-Ն որոշմամբ ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՀՅԴ խմբակցությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ, այս պահին ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց:

Գերակա խնդիր համարելով կոռուպցիայի դեմ համակարգային և ամբողջական պայքարը, մենք տարբեր առիթներով ներկայացրել ենք հանրային վստահությունն ապահովող, անկախությունը երաշխավորող հակակոռուպցիոն մարմնի ձևավորման առաջարկություններ, որոնք անտեսվել են:

Այնուամենայնիվ, օգտվելով ՀՀ կառավարության 19.05.14թ. թիվ 511-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի այն դրույթից, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի բաց տեղեկատվության լիարժեք հասանելիությունը, կայուն կապի ձևավորումը և շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև», այս փուլում մեզ իրավունք կվերապահենք ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ահազանգեր՝ այդքանով բերելով մեր օժանդակությունը հակակոռուպցիոն պայքարին»:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ