37-ամյա տղամարդը խաղալիք ատրճանակով փորձել է բանկ թալանել

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ:

Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո նկատել է, որ ազատվել է թիվ 4 սպասարկման կետը՝ մոտեցել է և, հանելով խաղալիք ատրճանակը, բանկի աշխատակցից պահանջել է գումար: Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ, երբ նկատել են, տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա 09.02.2012 թվականից մինչև 12.03.2012 թվականը բուժում է ստացել Նորքի հոգեբուժական հիվանդանոցում:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել