Արվեստի գործերի վաճառքով զբաղվող հայտնի գերմանացին վեց տարվա ազատազրկման է ենթարկվել հաճախորդներին խաբելու համար

62-ամյա Հելգե Ակենբախը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել, այն բանից հետո, երբ դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել իր հարուստ հաճախորդներին խաբելու համար:  Այս մասին գրում է Deutsche Welle պարբերականը:

Ակենբախը Գերմանիայում արվեստի գործերի վաճառքով զբաղվող ամենահայտնի դեմքերից էր: 2014 թվականին նա գնացել էր  Բրազիլիա` Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների բնակարանների համար նկարներ ընտրելու: Սակայն  վերադարձից հետո ձերբակալվում է:

Հունվարին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի տարածքային դատարանը Ակենբախին մեղավոր է ճանաչել իր հաճախորդներից մեկին՝ «Ալդի» սուպերմարկետների ցանցի ժառանգորդ Բերտհոլդ Ալբրեխտին չափազանց բարձր գնով նկարներ վաճառելու համար:

Ալբրեխտը  97 մլն եվրո է վճարել Ակենբախից նկարներ և ռետրո մեքենաներ գնելու համար: Սակայն դատարանը պարզել է, որ Ակենբախը մոտ 19 մլն եվրո հավելյալ գումար է վերցրել Ալբրեխտից: Ալբրեխտ ընտանիքին հասցրած վնասի դիմաց Ակենբախը ստիպված էր մոտ 20 մլն եվրոյի փոխատուցում վճարել: Սակայն, ամենայն հավանականությամբ, տուժող կողմը չի ստանա ամբողջական գումարը, քանի որ Ակենբախին պատկանող ընկերությունները սնանկ են ճանաչվել: Սնանկի գույքի վաճառքով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Ակենբախի ներկայիս հավաքածուն  հազիվ 6 մլն եվրո է կազմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել