Կոնգոյում Ամերիկացի դիվանագետը և արտասահմանցի լրագրողները ձերբակալվել են

Ինչպես հայտնում է Reuters-ը` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության զինված ուժերը, շաբաթ օրը, մայրաքաղաք Կինշասայում տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո ձերբակալել են ժողովրդավարական հայացքներ ունեցող մի շարք ակտիվիստների, լրագրողների, երաժիշտների, ինչպես նաև մի ամրիկացի դիվանագետի:

Միջոցառումը կազմակերպել են Կոնգոյից, Սենեգալից, Բուրկինա Ֆասոյից մի շարք ակտիվիստներ: Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 լրագրողներ և դիտորդներ:

Երբ մամլո ասուլիսը ավարտվել է, քաղաքացիական հագուստով և զինվորական համազգեստով տասնյակ անձիք ներս են մտել և սկսել ձերբակալել մասնակիցներին: Ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 40-ի: Միևնույն ժամանակ տարածվել է նաև տեղեկատվությունը, որ ձերբակալություններն իրականացվել են ոչ թե զինվորականների, այլ ոստիկանության և պետական հետախուզական ծառայության ներկայացուցիչների կողմից:

Կինշասայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ամերիկացի դիվանագետի ձերբակալության մասին ոչ մի մեկնաբանություն չի տվել: Դիվանագետի անձնական տվյալները նույնպես հայտնի չեն:

Երեկոյան արդեն, ձերբակալված 4 օտարերկրացի լրագրողները ազատ են արձակվել, այնուամենայնիվ Կոնգոյի լրագրողը և դիվանագետը դեռ կալանքի տակ են:

Վկաների և մասնակիցների հավաստմամբ՝ միջոցառումը նվիրված է եղել Կոնգոյի և Սենեգալի հասարակական կազմակերպությունների փոխանակման ծրագրերին: Սակայն ձերբակալվածների մեջ կան ակտիվիստներ, որոնք պետության նախագահի դեմ կազմակերված ցույցերի ակտիվ մասնակիցներից են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել