Ի՞նչ իրավունքներ ունեն երեխաներ

Երեխաների իրավունքները՝ ըստ ՀՀ օրենսդրության.

Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

Երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը։ Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք:

Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։

Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու դեպքերում:

Երեխայի պաշտպանության իրավունքը

Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք։
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները):
Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք։

Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով:
Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։ Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել