Է. Նալբանդյանը ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

Մարտի 2-ին Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Բացման խոսքերով հանդես եկան Ռուսաստանի, Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց.
«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների, ներառյալ՝ քրիստոնեության բնօրրան: Ցավոք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումների մասին տագնապալից լուրերը հաճախակի են դարձել: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը և Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը միայն այսօրվա երևույթ չէ: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս: Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության և աջակցության համար»։

«Որևէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրայում և Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը:

Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։ Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարևան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար կատարմանը»:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` նախարար Նալբանդյանը նշեց. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զորը և շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց Հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին և պղծեցին սրբավայրը»:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», – ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները կարող եք գտնել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել