ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը առաջիկա քառօրյա նիստում հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի որոշմամբ՝ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում:
Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ նման առաջարկով դիմելու պատճառը հարցի հրատապությունն է: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը եւ տեղական տուրքը, ինչպես նաեւ՝ առանց թույլտվության նման գործշունեություն իրականացնելու համար վարչական պատասխանատվությունը: Սգո սրահների տեղակայման վայրերը եւ նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն՝ ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից եւ սովորույթներից:
Նույն օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը համապատասխանեցումն է ԵՏՄ անդամակցության պայմանագրի դրույթներին եւ տնտեսվարողների վրա ընկնող լրացուցիչ բեռի կրճատումը, ինչպես նաեւ ժամանակակից ջերմոցային տնտեսությունների զարգացումը, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմումը, արտահանման ծավալների ավելացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը:
Հանձնաժողովն առաջարկել է նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ օրենսդրական առաջարկի՝ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը կարող է նվազեցվել առեւտրական գործունեություն իրականացնողների կողմից անմիջականորեն վաճառքի կամ վերավաճառքի նպատակով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորված գործարքների հանրագումարի 4 տոկոսի չափով: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը չի կարող պակաս լինել առեւտրական գործունեություն իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1.5 տոկոսից:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրենսդրական փաթեթը եւ օրինագիծը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:
Լուսանկարը՝ parliament.am-ի: