Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ընթացքում երեկ ելույթներ ունեցան Հայաստանը ներկայացնող Գևրոգ Կոստանյանը, Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր ելույթում շեշտեց, որ ՄԻԵԴ-ին ներկայացվել են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ փաստեր, իրավական սխալները, որոնք էլ բարենպաստ պայմաններ են ստեղծում ցեղասպանությունը ժխտողների համար ողջ աշխարհում. «Մենք այստեղ ենք, որպեսզի բացառվի նման սխալների կրկնությունը հանուն մարդու իրավունքների հանդես եկող դատարանի կողմից»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը (նրա ելույթի անգլերեն տարբերակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև):
Փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոն, Հայաստանի շահերը ներկայացնելով, Հայոց ցեղասպանությունը փոխկապակցեց հրեաների Հոլոքոստի հետ: Նա պնդեց, որ ցեղասպանության ժխտումը կարող է երկակի ազդեցություն ունենալ. «Այն հնարավոր է` հանգեցնի նրան, որ ցեղասպանությունից փրկվածներն, նրանց զավակներն ու թոռներն իրենց ստորացած կզգան, ինչպես որ նախատեսել էին հանցագործները, այս հանգամանքն էլ իր հերթին հանցագործներին առիթ կտա կրկնելու վտանգավոր ձգտում առաջացնել»,-շեշտել է պարոն Ռոբերթսոնը (նրա ելույթի անգլերեն տարբերակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև):
Իրավապաշտպան Ամալ Քլունին իր ելույթում շեշտեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, բավարարելով Դուղու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեցարիայի, մի շարք առանցքային սխալներ է թույլ տվել: Մասնավորապես` այս քայլով պալատն կասկածի տակ է դրել այդ իրողությունը: Նա ասել է, որ դատարանը առանց որևէ փորձաքննության, առկա փաստաթղթերի ուսումնասիրության, վկաների հարցաքննության, ինչպես նաև հայկական կողմի ներգրավվման որոշել է, որ Հայոց ցեղասպանությունը ապացուցված չէ և անգամ հիմքեր չկան այն ապացուցելու (նրա ելույթի անգլերեն տարբերակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև):
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այստեղ:
Հիշեցնենք` Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005թ.-ին Շվեյցարիայում տեղի ունեցած տարբեր համաժողովների ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակում էր որպես «միջազգային սուտ»: «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց, 2007 թվականին թուրք ազգայնականը դատապարտվեց տուգանքի և քրեական պատասխանատվության` Հայոց Ցեղասպանությունն ժխտելու համար: Փերինչեքը անցավ Շվեյցարիայի բոլոր դատական ատյանները և դիմեց ՄԻԵԴ: 2013թ.-ին դատարանի ստորին պալատը վճռել էր, որ խախտվել է խոսքի ազատության սկզբունքը: Նույն տարի Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել ստորին պալատի կայացրած որոշումը:
2014թ. օգոստոսի 20-ին «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել էր ՄԻԵԴ:
Լուսանկարները` ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջից