Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով` նախարարությունը պլանավորում է 2016թ.-ին ամբողջությամբ պատրաստ վիճակում ունենալ պրոբացիոն ծառայության օրենսդրական փաթեթը:
Պրոբացիան հանցագործություն կատարած, այնուհետև դատապարտված անձի հետ աշխատանք տանող մի ծառայություն է(կարդացեք նաև` Ի՞նչ է «պրոբացիան»), որը ենթադրում է նաև էլեկտրոնային վերահսկողություն տվյալ անձի նկատմամբ: Այսինքն` անձի վրա ամրակցված էլեկտրոնային ձեռնաշղթաների և ոտնաշղթաների միջոցով կատարվելու է նրա նկատմամբ վերահսկողությունն ընդհանուր կայանից: Այս համակարգերը դեռևս պատրաստ չեն, տեղեկացրեց Սուրեն Քրմոյանը. «Եվրոխորհուրդը մեզ օժանդակում է այդ հարցում, բանակցում ենք ԵԽ-ի հետ օրենսդրական բազան ձևավորելու շուրջ, երկրորդ խնդիրը` մենք նաև փորձում ենք ընկերությունների հետ բանակցել, որպեսզի հասկանանք սարքերը` ի՞նչ արժեն, ո՞րն է ավելի օպտիմալ մեր երկրի համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է այս ծառայության պիլոտային փորձարկմանը, ապա պարոն Քրմոյանը հաղորդեց, որ այն դեռևս քննարկվում է. «Դրա մասով դեռ որոշում չկա, այդուհանդերձ մենք կրթական ծրագրերը և էլեկտրոնային մոնիթորինգի համակարգերն ենք մշակում, դրա սարգավորումներն ենք ձեռք բերում, երբ որ այդ ամենը պատրաստ կլինի, արդեն իսկ կքննարկենք: Մենք հուսով ենք, որ 2015թ. կունենանք պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրեր»: