Բոլորը բոլորին ինչ-որ բանում կասկածում են. կարծիքներ Քննչական կոմիտեի վերաբերյալ

Քննչական կոմիտեի վերաբերյալ փաստաբանները չեն շտապում գնահատական տալ:

«Այն դեռ ստեղծման փուլում է, եկեք ասենք, որ քննչական կոմիտեն գտնվում է կայացման փուլում: Ոչ բոլոր շրջաններում և մարզերում է այն որպես կոմիտե գործում: Հույս ունեմ, որ գոնե քննչական կոմիտեի նոր ղեկավարությունը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի քննիչները զերծ մնան անօրինականությունից և աշխատեն օրենքի դաշտում: Առայժմ, դա միայն հույս է և միայն ամիսներ անց կարող ենք փաստել»,- փոխանցեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Մեկ այլ փաստաբան Երեմ Սարգսյանն այս մարմնի ստեղծմամբ միայն մի առավելություն է տեսնում. «Որ օպերատիվ աշխատակիցներից ավելի անկախ կլինեն` հենց գերատեսչական առումով, եթե օրինակի համար ոստիկանության համակարգում գտնվելու ժամանակ քննիչը կաշկանդված էր` իր գործընկեր` նույն ոստիկան օպերատիվ աշխատողի գործողություններով, նույնիսկ անօրինություններով փորձ էր անում չնկատել դա, ապա կարծում եմ` այսօր տեսականորեն նման խնդիր քիչ կլինի: Ավելի ներքին անկախություն կլինի»:

Կոմիտեի ստեղծման դրական կողմերից մեկն էլ, Երեմ Սարգսյանի խոսքերով` այն է, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը տեղափոխեց քննչական կոմիտե.«Բացարձակապես անթույալտրելի էր, երբ որ ՊՆ քննչական մարմինը քննում էր նույն գերատեսչությանը ենթակա զորամասերում կատարված հանցագործությունները: Յուրահատուկ խնդիրներ էին առաջանում կոնկրետ այդ հանգամանքի հետ կապված»,- ասաց նա:

Այդուհանդերձ, փաստաբանի համոզմամբ` ընդհանուր մթնոլորտը հուսադրող չէ. «Այսինքն` կասկածամտության ֆոնը, որ կա քննիչ, դատախազ, դատավոր, ոստիկանության աշխատակից օղակներում: Բոլորը բոլորին ինչ-որ բանում կասկածում են, յուրաքանչյուրը փորձում է իր հերթին ցույց տալ, որ ինքը որևէ կոռուպցիոն խնդրի մեջ չկա»,- ասաց փաստաբանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել