Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական Միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի` COEST-ի (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները և ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները:

Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության և 2015թ. Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:

COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը` նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:

Տեղեկանք: COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական Միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբի գործունեությունը ներառում է նաև ԵՄ հետ բազմակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արևելյան գործընկերությունը և նաև Եվրոպական հարևանության քաղաքանության ձևաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցելությունը Հայաստան տեղի է ունեցել 2004թ: 

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել