Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կազմակերպած գործնական երկօրյա դասընթացին: Ավստրիայի Ֆեդերալ աշխատանքային պալատի Աշխատանքային շուկայի և ներգրավման քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Գերնոտ Միտտերը մասնակիցներին է ներկայացրել եվրոպական երկրներում սոցիալական երկխոսության և համագործակցության մոդելը, և այդ համատեքսում քննարկել Հայաստանում իրականացվող կարգավորիչ բարեփոխումները: Գերնոտ Միտտերն ընդգծել է, որ սոցիալական երկխոսությունը նպաստում է օրենսդրական արդյունավետ կարգավորումներ ունենալուն և Կառավարության ու Ազգային Ժողովի որոշումների ընդունման բարձր մակարդակին: Նրա խոսքով՝ ավստրիական փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է արդյունավետ գործող սոցիալական երկխոսությունն աջակցել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և բարելավել հասարակության կենսամակարդակը: «Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները Հայաստանի հետագա զարգացման գործում դրական ազդեցություն կունենան: Հայաստանը մրցակցային կարևոր առանձնահատկություն ունի՝ ուսյալ և ներգրավված քաղաքացիներ: Այս հարստությունը հարկավոր է օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման»,- նշել է գրասենյակի փոխտնօրենը և հավելել, որ գործարարների ներգրավումը հանրային որոշումների կայացման գործընթացում այդ ներուժն օգտագործելու ուղղություններից մեկն է: Գործնական դասընթացին ներկայացվել է նաև սոցիալական երկխոսության ավստրիական փորձը և այս ոլորտում գործող կառույցների առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման նախընտրելի ուղիները: Դասընթացն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ:
Լուսանկարը՝ moj.am-ի: