Ինչո՞ւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում չի ներդրվում հեռահար ուսուցման մոդելը. պարզաբանում է դեկանը

Արդյոք հեռահար ուսուցման մոդելը կգործի՞ մեր իրականությունում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պնդում է, որ այն կիրառելի չէ այս ֆակուլտետում: Դեկանն իր ասածը հիմնավորելու համար օրինակ է բերում բրիտանական կրթական մոդելից. «Երբ խոսում էի հեռահար ուսուցման մոդելի հարցում մեծ փորձ ունեցող Անգլիայի համալսարանից մեկի` իմ գործընկերների հետ, նրանք տեղեկացրին, որ առաջադրանքը տալիս են ուսանողին, ստանում պատասխանը ու կարող է նրան տարիներով չտեսնեն: Ես հետաքրքրվեցի, թե այս պարագայում արդյոք ռիսկեր չկան, որ ուսանողը իր սեփական գիտելիքները չի ներկայացնի: Ինձ պատասխանեցին, որ թող ուսանողը մտածի, եթե նա պետք է գնահատական ստանա ոչ իր գիտելիքներով, այլ տարբեր աղբյուրների միջոցով, ապա նա կդառնա անգրագետ իրավաբան»:

Այս ամենով հանդերձ պարոն Ղազինյանը հարց է բարձրացնում. «Մենք ադրյոք այդ մակարդակի՞ ենք հասել, որ մեր ուսանողների գերակշիռ մասը այն աստիճան կարևորի ուսումը, որ չպայքարի գնահատականի համար: Բացի այդ, հեռահար ուսուցման ժամանակ չունենք համապատասխան վերահսկման մեխանիզմներ»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը` հավելելով, որ այս մոդելը մեր երկրի նման փոքր պետություններում անարդյունավետ կգործի. «Մեծ ճանապարհ հաղթահարելու առումով է այն ներդրվում, այնպես որ չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի մեր ֆակուլտետում»,- եզրահանգեց Գագիկ Ղազինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել