Վարչապետն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը և հարկային ծառայության պետերին, որպեսզի «ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը»:

Մինչև այսօրվա Կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձ է կատարվել փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգություններին: Նախ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է, թե ինչ խնդիրներ են իրենք առաջադրում, ինչ մտահոգություններ ունեն:

Նա նշել է, որ իրենց համար մի քիչ զարմանալի և անհասկանալի է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ: «Մեր կարծիքով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչ մի առիթ չունեն: Դրա վկայությունն են այն կարգավորումները, որոնք հստակ ձևակերպված են օրենքով: Օրենքը, ըստ էության, երկու կարգավորում ուներ: Առաջինը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն էր: Առևտրային գործունեության մասով ես հիշեցնեմ, որ շրջանառության հարկի դրույքաչափը հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոսից նվազում է մինչև 1 տոկոս, որն աննախադեպ հարկային բեռի թեթևացում է, փոխարենը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված են փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Սակայն կցանկանայի նշել, որ այդ դրույթը, որն օրենքով նախատեսված է, ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն, ամենօրյա վարչարարություն իրականացնելու, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ ամենօրյա այցելություններ կազմակերպելու նպատակ, այլ ընդամենը օրենքով սահմանվածը. դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, որովհետև այսօր խոշոր ձեռնարկատիրության այն հիմնավորումը, որ օրենսդրությունը կատարյալ չէ, որովհետև չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները կպահանջեն համապատասխան փաստաթղթեր, առկա չէ: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք այդ հնարավորությունը, որը թույլ է տալու հարկային մարմիններին վարչարարության սլաքն ուղղել դեպի առավելապես խոշոր ձեռնարկատերերը և նպատակը, իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն», նշել է նա:

Փոխնախարարը նաև մատնանշեց, որ մտահոգությունն էլ ավելի անհասկանալի է այն առումով, որ այս օրինագիծը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Սա եղել է համաձայնեցված փաթեթ և իհարկե, կա հստակ պայմանավորվածություն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որ մեր՝ հարկային մարմինների հետ, նրանք առօրյա աշխատանք են կատարելու, որպեսզի հնարավոր տեսական անհարկի դրսևորումից, միջամտությունից ձեռնպահ պահեն: Իհարկե, ցանկացած անհարկի միջամտության դեպքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այդ ազդակները հաղորդելու են մեզ և որևէ միջամտություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մասով տեղի չի ունենալու: Ընդամենը խոսքը վերաբերում է այն ռիսկային դեպքերին, երբ կլինեն ռիսկային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք բազմաթիվ նախազգուշացումներից, գործողություններից հետո չեն պահպանի օրենքի դրույթները: Նրանք, բնականաբար, կհայտնվեն ռիսկային դաշտում և վարչարարական գործողություններն ուղղված կլինեն միայն նրանց դեմ: Անտեղի է մտահոգությունը նաև այն առումով, որ դեռևս օրենքն ուժի մեջ չի մտել, դեռևս հարկային մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել: Կարծում ենք, որ այդ տեսանկյունից ևս չկա բավարար հիմնավորում նման մտահոգությունների տեղիք տալու համար», հավելեց Վախթանգ Միրումյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան այնուհետ նշեց, որ ինքն էլ է փոքր և միջին ձեռնարկատերերին հանդիպել և կարծում է, որ իրենց մտահոգությունն իրոք անտեղի և անհիմն է: «Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից: Սա է խնդիրը, և ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը՝ նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը: Բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, նույն փոքր և միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպես դա հասկանում են: Պարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսը: Անհասկանալի է. մարդիկ ուզում են 3,5 տոկոս շրջանառության հարկը, որը փոխարինվել է 1 տոկոսով, նորից դարձնել 3.5 տոկոս: Ուղղակի անհիմն է և անհասկանալի, դրա համար մենք պետք է որդեգրենք այն քաղաքականությունը, որ ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն, չդիտարկել փոքր և միջին բիզնեսը որպես հարկատու, այլ դիտարկել խոշորը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրենց ներգրավենք հարկային դաշտ: Դա է մեր խնդիրը», նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել