Փաստաբանների պալատը նախատեսում է փաստաբանական գրասենյակների խթանման համար կազմաիրավական ձև ստեղծել օրենքում

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքերով` ներկայումս նախատեսվում է փաստաբանական գրասենյակների խթանման առումով կազմաիրավական ձև ստեղծել օրենքում. «Այն նախատեսված կլինի փաստաբանական գրասենյակի համար, որ օրինակ փաստաբանական գրասենյակները չլինեն ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի տեսքով, այլ հատուկ կազմաիրավական տեսակով»,- նշեց պարոն Զոհրաբյանը` հավելելով, որ զուգահեռ պլանավորում են փաստաբանների պալատում որևէ սենյակ կամ սենյակներ հատկացնել սկսնակ փաստաբանների համար:

Փաստաբանական ընկերությունների զարգացումը խրախուսելու համար ՓՊ-ն նպատակադրված է նաև խորացնել արտասահմանյան փաստաբանների հետ հարաբերությունները. «Վերջերս, Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ հանդիպումներ տեղի ունեցան խոշոր ֆրանսիական կազմակերպությունների հետ: Ընդ որում` իրենց ներկայացուցիչները նույնպես եկան Հայաստան ու քննարկումներ ծավալվեցին: Մենք փորձում ենք նրանց միջոցով մեր տեղական փաստաբանական գրասենյակներին ինտեգրել նրանց ցանցերում: Կան փաստաբանական առևտրային ցանցեր, որոնց գայթակղիչ են այնքանով, որ եթե որևէ երկրի ռեզիդենտ իրավական խնդիր է ունենում մեկ այլ երկրում, ապա այդ ցանցի միջոցով գրասենյակը դիմում է տվյալ երկրի փաստաբանական գրասենյակին: Դա որոշակի վստահության և ինֆորմացիայի փոխանակման հնարավորություն է ստեղծում: Ներկայումս փորձում ենք այդ ծրագիրը զարգացնել»,- ասաց պարոն Զոհրաբյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել