ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը

2014 թ. սեպտեմբերի 5-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներն ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքը, անձանց միջպետական հետախուզմանը եւ անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության Ծրագրի նախագծի մշակման հարցը եւ այլն:
ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության գերակա հարցերի եւ հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: 

Հունան Պողոսյանն իր խոսքում մասնավորապես նշեց՝ համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգահեռ՝ կազմակերպված հանցախմբերի գործունեությունը ձեռք է բերել անդրազգային բնույթ, ինչն էապես մեծացնում է ինչպես առանձին պետությունների ազգային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանն ուղղված վտանգը: Նա նաեւ հավելեց, որ լուրջ մտահոգության տեղիք են տալիս վերջին շրջանում լայն տարածում գտած անօրինական միգրացիան եւ մարդկանց առեւտուրը` ընդգծելով, որ մարդկանց առեւտուրը պարարտ հող է ինչպես սոցիալական շերտավորման, այնպես էլ կազմակերպված հանցավորության ու այլ հանցատեսակների զարգացման համար: 

Անդրադառնալով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններին` Հունան Պողոսյանը նշեց` «Ինֆորմացիոն-հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը եւ առօրյա կյանքում դրանց ներդրումը պայմաններ են ստեղծում նաեւ հանցագործների գործունեության դաշտի ընդլայնման համար: Սահմանների բացակայությունը եւ վիրտուալ տարածքում անանուն գործելու հնարավորությունը «արժեքավոր նվեր» է հանցավոր խմբավորումների համար: 
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտմանն ուղղված ստորաբաժանումների աշխատանքները մեծապես կախված են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների հետ տեղեկատվության օպերատիվ փոխանակումից, գործնական շփումների հարթեցումից եւ պահպանումից»:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականին` Բելառուսի Հանրապետությունում: 

Լուսանկարը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել