«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակչության գնդակոծությունը տարբեր տրամաչափի զենքերից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ցավով նշեց, որ այդ գործողությունների արդյունքում հայկական զինված ուժերը ունեցել են մարդկային կորուստներ. «Հավատացեք, որ յուրաքանաչյուր զինծառայող մեր բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը: Այս դժվար պահին, ինչպես դուք, այնպես էլ մենք միմյանց կարեկցանքի և հատկապես հասարակության աջակցության կարիքն ունենք»:
Նախարարի խոսքով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիաներ, որոնք բնականաբար հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ձեռքի գործն է. «Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում, այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների և զինվորական ծառայություն իրականացնող մեր տղաների գործողությունները, որի վկան եք դուք բոլորդ: Միևնույն ժամանակ անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մենք չենք կարող հասարակական ճնշման տակ բացահայտել այն բոլոր մարտական գաղտնիքները, որոնք մենք իրականացնում ենք կանխարգելման միջոցառումների շրջանակում»:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ շատ փաստեր էլ կան, որ ամբողջովին պարզ չեն, բայց կարճ ժամանակ անց կպարզվեն և կներկայացվեն հանրությանը:
Խոսելով զոհված զինծառայողներին մասին՝ նշեց, որ մենք նրանց չենք կորցրել՝ հակառակը գտել ենք. «Նրանց անունները պետք է հնչեն ամենուր: Մենք գտել ենք այն հերոսներին, որոնց շնորհիվ մենք կարողացանք պահպանել հայի արժանիքները: Նրանց ծառայության շնորհիվ է, որ մենք մարտական դիրքերից նահանջ չունեցանք»:
Սահմանում տիրող իրադրությունն անհանգստացրել է նաև համաշխարհային հանրությանը: Հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ պետդեպարտամնետը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահը, ՌԴ արտգործնախարարությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նախարարը հարցազրույցներ է ունեցել ՌԴ դեսպանի, ԱՄՆ դեսպանի, Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ, Վրաստանի պաշտպանության նախարարի հետ՝ հստակ ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը. «Հայկական զինված ուժերը կատարում են իրենց առաքելությունը՝ պաշտպանելով սեփական բնակչությանը և սահմանները: Հակառակորդը միջազգային պարտավորությունների խախտմամբ փորձում է ապակողմնորոշել ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական հանրությանը՝ տարածելով ապատեղեկատվություն՝ ատելություն սերմանելով հայ ժողովրդի հանդեպ: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Ադրբեջանի ղեկավարությունը դարձավ ինքն իր ստի զոհը»:
«Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ է արել կրկին ստուգել հայի ոգու ամրությունը, սակայն չեն գիտակցել, որ այսօր մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ Հայաստանի արժանի հայորդիներին»,- եզրափակելով խոսքն ասաց նախարարը:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին օրերին հայկական կողմն ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը մոտ 8 անգամ ավելի:
Արև Ավագյան