Ստեփանավանի քաղաքապետարանում քաղաքի բնակչությունն է հավաքվել: «World café» ձևաչափով հանդիպում է կազմակերպել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
«Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների ընդունման գործընթացում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հասարակական վերահսկողության իրականացմանը»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի նախագահ, «Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
«Այսօր ստեղծվում է վակում, ընդունվում է օրենքը, փոփոխություն է տեղի ունենում օրենքում, սակայն չի կիրառվում այնպես, որը պետք է նպաստի մեր աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը»,- նշեց Ստեփանավան համայնքի աշխատակազմի ղեկավար Մելանյան Ղազարյանը:
Չեխիայի Հանրապետությունը մեծ փորձ ունի քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում ապահովվելու հարցում: Հենց այդ երկրի փոքր քաղաքի` Չեշսկի Բրոդի փորձն է ներկայացվում` որպես հաջողված օրինակ: Քաղաքային ֆորումներ, ռազմավարական նշանակության փաստաթղթերի և կոնկրետ թեմաների շուրջ հանրային քննարկումներ և այլն: Հենց այսպես են իշխանություններն աշխատում քաղաքի բնակիչների հետ:
«Հանրային քննարկումները կարծում եմ շատ ճիշտ են, որովհետև ամեն մեկն իր կարծիքն է հայտնում և հնարավորություն է լինում հետևություններ անել աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու ժամանակ»,- նշեց Ստեփանավանի արվեստի դպրոցի փոխտնօրեն Նառա Վերմիշյանը:
Չեշսկի Բրոդի փորձի ներկայացումից հետո ստեփանավանցիները բաժանվեցին խմբերի ու սկսեցին քննարկել համայնքի ավագանու աշխատանքի թափանցիկության, հաշվետվողականության, իրենց մասնակցության ապահովման հարցերը, վեր հանեցին թույլ և ուժեղ կողմերը:
«Տեղյակ չէինք, որ կարող ենք մասնակցել ավագանու նիստերին, հարցեր առաջադրել, իսկ հիմա տեղեկացվեցինք»,- անկեղծացավ Լիզա Վարդանյանը:
«Ժողովրդի մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը պետք է մեծ լինի, ժողովուրդը պետք է ակտիվ լինի, համագործակցի ղեկավար մարմինների հետ, իրենց հուզող հարցերը բաձրացնեն և եթե համագործակցությունն ակտիվ լինի, բնականաբար արդյունքն ավելի շոշափելի, ակնհայտ կլինի»,- նշեց մանկավարժ Նաիրա Սուքիասյանը:
Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Նազենի Ավագյանը նկատում է` վերջին տարիներին բնակիչներն ավելի ակտիվ են քաղաքային կյանքին վերաբերող հարցերի ժամանակ, սակայն ոչ բոլորը:
«Վերջերս մի տատիկ գրել էր` ցանկանում ենք էսինչ վայրում նստարաններ տեղադրվեն: Ես անձամբ այդ առաջարկը ներկայացրել եմ քաղաքապետին, ինքը շատ ողջունեց և տեղադրվել են»,- նշեց Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Նազենի Ավագյանը:
«Մենք գիտենք, որ ինչ հարցով էլ դիմենք, մեր քաղաքապետը հաստատ մեզ կաջակցի»,- ասաց ուսանող Լիլիթ Իրիցյանը:
«Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագիրն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» գործընկերներ` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
«Եղել են հարցեր, որոնք լուծում են ստացել, իսկ այն հարցերը, որոնք հիմնականում գումարների ու նաև ցանկության հետ են կապված, մինչև հիմա լուծում չեն ստացել»,- նշեց Լոռու մարզի համատիրությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Բերո Առաքելյանը:
«Ես մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի վերաբերմունքում հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքում զգալի փոփոխություններ կան դեպի լավը»,- հայտնեց Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական ընկերության Ստեփանավանի տարածքային զարգացման ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը:
Հանդիպումն ավարտվեց, կազմակերպիչները կարողացել են խմբային աշխատանքների միջոցով խնդիրներ վեր հանել.
«Ընդամենն օրենքը կիրառելու խնդիրներ են այստեղ, նախ կապված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքը կիրառելու հնարավորություններ ընձեռելու հետ, ապա այն, որ բնակիչներն իրենց ընձեռնված հնարավորությունները բավարար չափով չեն օգտվում»,- նշեց «Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի փորձագետ, փաստաբան Արթուր Սուքիասյանը:
«Հանդիպման շրջանակներում կարողացանք վեր հանել այն, որ քաղաքացիները պասիվ են համայնքի, ղեկավարմանը, կառավարմանը մասնակցելու գործընթացում: Հաջորդ կարևորագույն խնդիրներից մեկը, որն առկա է համայնքում. Ավագանու կողմից նիստերի, օրակարգերում տեղ գտած հարցերի վերաբերյալ ժամանակին չծանուցելն է և այդ մասին հայտարարություններ չտարածելն է»,- պատմեց «Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
«World café» ֆորմատով նման մեկ քաղաքային հանդիպում էլ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» է կազմակերպել Սամցխե-Ջավախեթիի Ախլցխա քաղաքային համայնքում: Վերջնական նպատակը` ՏԻՄ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցության և հանրային վերահսկողության ոլորտի բարեփոխումների իրականացումն է: