Արշավիր Խալափյանի գործով վարույթն իրականացնող մարմինը խախտում է թույլ տվել. ՓՊ

Իրավաբան.net-ն ավելի վաղ, հղում անելով սեփական աղբյուրներին, նշել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում, համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ գործով, հարցաքննության համար, որպես կասկածյալ հրավիրվել էր փաստաբան Արշավիր Խալափյանը:

Քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում է կայացվել ձերբակալել Արշավիր Խալափյանին: Վերջինս հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Փաստաբանների պալատը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել:

Մասնավորապես նշելով, որ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

Սակայն այս պարագայում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին անհապաղ չի տեղեկացրել փաստաբան Արշավիր Խալափյանին ձերբակալելու մասին՝ խախտելով վերոհիշյալ նորմի պահանջը։

«Փաստաբանների պալատի խնդիրներից է նաև պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները (մասնավորապես՝ օրինականության, հավասարությունը օրենքի առջև, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, անձի անձեռնմխելիության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի)»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արշավիր Խալափյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել